Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունը դեմ է քվեարկել Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Հավատում եմ, որ ոչ միայն մեր խմբակցության անդամներն են դեմ քվեարկել, այլեւ մյուս խմբակցություններից էլ, սակայն նրանք այդ մասին չեն հայտարարում: Ես հավատում եմ բոլոր այն պատգամավորներին, որոնք հայտարարում են, որ դեմ են քվեարկել»,-ասել է Մանուկյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունները հերթական անգամ «ընդդիմության գլխին խաղ խաղացին»:  Մանուկյանը կարծիք է հայտնել, որ այդ մասին վկայում են ՀՀԿ-ական պատգամավորների հայտարարությունները՝ կապված քվեաթերթիկների վրա նշանների հետ:

Արամ Մանուկյանն ընդգծել է, որ քվեարկության թեման ավելի լավ է փակել եւ ավելի լուրջ խնդիրներով զբաղվել:

Հիշեցնենք, որ թեեւ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հայտարարել էին, որ մտադիր են դեմ քվեարկել Կոստանյանին, գաղտնի քվեարկության արդյունքում միայն երեք պատգամավոր է դա արել: