Վերջին վեց ամիսների ընթացքում ես չորս անգամ փորձել եմ թե վարչապետից, թե էներգետիկայի նախարարից ճշտել՝ ստորագրե՞լ են արդյոք փաստաթուղթ եւ կա արդյոք Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գազի մատակարարման մասին համաձայնագրի տեքստ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ընդգծելով, որ այդպես էլ ըմբռնելի պատասխան չի ստացել: Հստակ պատասխանից միշտ խուսափել են, իսկ էներգետիկայի նախարարը ամեն անգամ պնդել է, որ ժամկետները չի հիշում:

«Երկու օր առաջ հարց տվեցի վարչապետին, սակայն նրա պատասխանն ինձ մտահոգեց եւ զարմացրեց: Ես անգամ սկզբում մտածեցի, որ նա չի հասկացել հարցը: Դրանից հետո դիմեցի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանին, սակայն ինչպես պարզվեց, նա եւս տեղյակ չէ՝ ստորագրվել է պայմանագիր, թե ոչ: Ինչպե՞ս կարող է գազը թանկանալ, առանց պայմանագրի առկայության»,- ասել է Մանուկյանը: Նա նաեւ հաղորդել է, որ հարցը տալուց հետո վարչապետը 10 րոպե պահել է իրեն նիստերի դահլիճում, որտեղ նրանք զրուցել են. «Վարչապետն ինձ համոզում եւ պատմում էր՝ ինչպես է գազի գինը ձեւավորվում առանց պայմանագրի: Նա լուրջ եւ սթափ էր»:

Պատգամավորը նաեւ հաղորդել է, որ երեկ երեկոյան վարչապետն իրեն զանգահարել է, սակայն Մանուկյանն այդպես էլ մինչեւ վերջ չի հասկացել, թե ինչ է ցանկացել ասել Սարգսյանը. «Նա ինձ հարցրեց արդյոք գրավոր հարցում արել եմ: Ես պատասխանեցի, որ արդեն վեց ամիս է ճղվում եմ, որպեսզի Ձեզանից իմանամ գազի սակագինը, ինչ գրավոր հարցման մասին է խոսքը: Նա խոստացավ ճշտել եւ զանգահարել, սակայն չզանգեց»: Ընդդիմադիրն ընդգծել է, որ ստիպված է երկու եզրակացությւոն անել. Կամ կա պայմանագիր, որը ստորագրված է, սակայն այն թաքցնում են, քանի որ այն պարունակում է այնպիսի բա, որը հրապարակման ենթակա չէ, կամ էլ առանց պայմանագրի հայկական կողմը բարձրացրել է գազի գինը: Այսպես, թե այնպես, Արամ Մանուկյանը պահանջում է հրապարակել փաստաթուղթը, խորհրդարանի արտակարգ նիստ հրավիրել: Մինչ այդ, Մանուկյաին խոսքով, երբ ինքը վարչապետին հայտարարել է, որ փաստաթուղթը կստանա Ռուսաստանի Պետդումայից, վերջինս նրան պատասխանել է. «Չես կարողանա»:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր այն մասին, որ ռուսական «Գազպրոմի» եւ դրա դուստր ընկերության՝ «ՀայՌուսգազարդի», միչեւ գազի մատակարարման վերաբերալ պայմանագիր դեռեւս չի կնքվել: Նրա խոսքով՝ Հայաստանն առայժմ բանակցում է: Բացատրությունը հնչել է ի պատասխան ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին, որը խնդրել էր իրեն տրամադրել պայմանագրի տեքստը, եթե այն պետական գաղտնիք չի պարունակում: «Մենք ունենք պայմանագրերի նախագծեր, որոնք պետք է ստորագրվեն: Երբ դա տեղի ունենա, դրանք հանրային կդառնան, ավելին՝ կփոխանցվեն Ազգային ժողով, քանի որ ձեզ հետ միասին պետք է մանրամասնորեն ուսումնասիրենք այդ պայմանագրերի դրույթները»,-հայտարարել էր վարչապետը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանի համար գազի գինը սահմանին թանկացրել է՝ այն մեկ խորանարդ մետրի դիմաց 180-ից 270 դոլարի հասցնելով: Դրանից հետո «ՀայՌուսգազարդի» բաժանորդների համար սակագինը եւս թանկացել է: