Հոկտեմբերի 8-ին Էջմիածինը կնշի քաղաքի տոնը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ հավելելով, որ տոնն սկսելու են նշել հոկտեմբերի 6-ից եւ կեզրափակվի հոկտեմբերի 8-ին:

Նրա խոսքով՝ քաղաքի տոնին 15 կետից բաղկացած ծրագրեր են նախատեսված, իսկ քաղաքի տոնի համար հիմք են ընդունել մ.թ.ա.  685 թվականին Ռուսա Երկրորդ արքայի արձանագրությունը, որտեղ քաղաքը ներկայացված է որպես բնակավայր:

«Սակայն քաղաքն ավելի հին է` 5 հազար տարի եւ ավելին: Հոկտեմբերի 8-ին փորձել ենք ավանդույթը վերականգնել, երբ  հինգերորդ դարում Մեսրոպ Մաշտոցը  տառերը մեր քաղաք բերեց, ում դիմավորեցին Սահակ Պարթեւը, Վռամշապուհ արքան եւ արքայի հրամանով երեք օր քաղաքում տոնակատարություն կատարվեց որպես մեծ իրադարձություն: Արդեն 5 տարի է՝ այդ ավանդույթը պահպանում եւ շարունակում ենք:

Կարեն Գրիգորյանն անդրադարձավ նաեւ քաղաքի նախկին անուններին, որոնց թվում եղել են Արտիմեդը, Կուառլեինին, Վարդեսավանը, Վաղարշապատը, Կայանպոլիսը, Ոտաստակը եւ երկու անգամ Էջմիածինը: Նա փոխանցեց, որ քաղաքը ունի նաեւ  կարգախոսներ, որոնց թվում են. «Դարը քեզ համար ակնթարթ է, հազարամյա Էջմիածին», «Էջմիածինցի լինելը բարձր պատիվ է եւ կոչում»:

Քաղաքի տոնին ընդառաջ պատրաստվել են նաեւ կրծքանշաններ, շապիկներ եւ շարֆեր: Քաղաքապետը ներկայացնելով դրոշը, որը ծիրանագյունի եւ մանուշակագույնի երանգներով էր, ասաց. «Ծիրանագույնը հարիր եւ ընդունված էր միայն թագավորներին, որով քաղաքը խորհրդանշվում է որպես մայրաքաղաք: Մանուշակագույնն իրավունք ունեն կրելու հոգեւոր բարձր դասի հոգեւորականները եւ այն խորհրդանշում է որպես հոգեւոր մայրաքաղաք: Իսկ մեջտեղում տեղակայված «Է» տառը էությունն է Աստված եւ Էջմիածին: Իսկ չորս պահպան  հրեշտակապետերը եւ խաչը որպես հոգեւոր մայրաքաղաք, խաղողի վասերը բնորոշում են Արարատյան դաշտավայրը, իսկ պարիսպը Վաղարշապատն է»,- ներկայացրեց Կարեն Գրիգորյանը եւ սիրով բոլորին հրավիրեց մասնակցելու քաղաքի տոնին: