Բերքը պաշտպանող ցանցերի միջոցով կարկուտից փրկել հնարավոր է հեկտարի դիմաց 5000 դոլարով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է  ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի (UNDP)  «Տարերային աղետների վտանեգների կրճատում»(DRR) ծրագրի ղեկավար Արմեն Չիլինգարյանը:

DRR շրջանակներում պաշտպանող ցանցերի տեղադրումն իրականացվել է Հայաստանի երեք գյուղերում՝ Սյունիքի մարզի Ալվանք, Տավուշի մարզի Տավուշ եւ Այգեհովիտ գյուղերում: Ընդհանուր առմամբ տեղադրվել է 15 հազար մետր հակակարկտային ցանց:

«Հայաստանի հյուսիս-արեւելքում, Բերդի շրջանում մենք բավական տպավորիչ արդյունքներ ստացանք: Ֆերմերներից մեկը մեզ հայտնեց, որ երբ խաղողի որթերը պաշտպանել է ցանցով, բերքատվությունը միանգամից մի քանի անգամ աճել է: Պատճառն այն է, որ ցանցը պաշտպանում է ոչ միայն կարկուտից, այլ նաեւ քամու ուժգնացումներից: Իհարկե 100 տոկոսով փրկել չի կարող ոչ մի տեխնիկա, սակայն վտանգը նկատելիորեն կրճատվել է»,- պարզաբանել է նա:

Այն հարցին, թե որքանով կտարածվի միայնակ ֆերմերների շրջանում նոր տեխնոլոգիան նրա ներկա արժեքի պայմաններում, նա նշել է, որ 5000 դոլար արժեքով ցանցը կպահպանվի 8-15 տարի: «Սա երաշխավորված ժամկետն է, սակայն ցանցերը ավելի երկար կծառայեն: Ցավոք Հայաստանում բերքատվության աճին համահունչ վարկատվությունը դեռ զարգացած չէ, այստեղ այն կարող էր օգնել»,- նշել է Ա.Չիլինգարյանը:

UNDP/DRR ծրագիրը նախատեսված է 2011-2015թթ. համար: Նրա ընդհանուր ծավալը 2011-2012թթ կազմել է 790 հազար դոլար, իսկ 2013-15թթ. ընթացքում նախատեսվում է 1 մլն դոլար: