Հոկտեմբերի 7-ին Էջմիածնում, քաղաքի տոնին ընդառաջ, կբացվի Տերյանի այգին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ հավելելով, որ մինչ օրս այդ տարածքում այգին գոյություն չի ունեցել:
«Ամայի տարածություն էր, հիմքը դրվեց իմ քաղաքապետության օրոք: Այսօր արդեն այն պատրաստ է՝ կանաչապատված եւ սալիկապատված: Մոտ 2,5 հեկտար տարածք է, հետագայում այստեղ նախատեսվում է նաեւ սպորտային համալիր կառուցել»,- ներկայացրեց քաղաքապետը:
Հարցին, թե ինչո՞ւ Տերյանի այգի, նա պատասխանեց. «Այստեղ Տերյանի փողոցն է, դրա համար էլ Տերյանի այգի, սակայն այդ հատվածը Չարենց թաղամասում է եւ այդ թաղամասի սեփական հատվածի բոլոր փողոցները մեր հայ գրողների անուններով են»:
Կարեն Գրիգորյանը նաեւ նշեց, որ կառավարության կողմից հաստատված քաղաքի զարգացման ծրագիր կա, որի համաձայն մինչեւ 2020 թվականը քաղաքի հարավային մասում մոտ 20 հեկտար տարածքում սեյսմիկ գոտին հաշվի առնելով չորս հարկանի շենքեր կկառուցվեն: «Մենք որդեգրել ենք մի քաղաքականություն որտեղ պահպանելու ենք հիմքը, անկախ նրանից՝ դա սովետական միության թողածն է, թե՝ ոչ: Չենք միջամտելու, որ քաղաքում էլիտար շենքեր կառուցվեն եւ նոր շենքերը կառուցվելու են ամայի տարածքում, այլ ոչ թե քանդելով հինը»,-ընդգծեց նա:
Քաղաքապետը նաեւ նշեց, որ քաղաքը չունի հյուրանոցային համալիր: «Մինչեւ ֆինանսատնտեսական ճգնաժամը եղել են գործարարներ ովքեր ներդրումներ են ցանկացել անել, սակայն ճգնաժամի պատճառով ծրագրերը սառեցվել են: Սակայն նախատեսվում է կրկին քայլեր ձեռնարկել քաղաքում հյուրանոցային համալիր կառուցելու համար, ինչն իր հերթին խթան կհանդիսանա զբոսաշրջության համար»,-ասաց նա:
Քաղաքապետի խոսքով՝ քաղաքն իր համար նման է մի մեծ տան, որտեղ մի գործը չավարտած պարտավորված ես նորը սկսել: «Կապիտալ նորոգված բնակարանում էլ, եթե նորամուտ է լինում, մեկ-երկու տարի հետո նաեւ մասնակի նորգոման անհրաժեշտություն է զգացվում»,- ավելացրեց Կարեն Գրիգորյանը՝ հավելելով, որ միջազգային ներդրումների միջոցով 30-40 տոկոսով ջրամատակարարումը կբարելավի:





























