Վրաստանում այսպես կոչված «լեզվի ոստիկանության» ստեղծումը կարող է նոր հուզումների առիթ դառնալ: Այս մասին հայտարարություն է տարածել «Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը», որն ուղղված է Վրաստանի կառավարությանը:

Հայտարարությունում ասվում է.

«Օրերս Վրաստանի ակադեմիական շրջանակները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որը վերաբերում է Վրաստանի պետական լեզվի չափանիշների խախտման դեպքում տուգանքների կիրառմանը:  Նախաձեռնությանն արձագանքել է խորհրդարանի կրթության կոմիտեն, ինչից կարելի է եզրակացնել, որ վերջինս շուտով կընդունվի խորհրդարանի կողմից եւ կստանա օրենքի ուժ, որը կտարածվի ինչպես պետական հաստատություններում աշխատող անձանց, այնպես էլ՝ լրատվամիջոցների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների եւ այլ շրջանակների վրա:

Հիշեցնենք, որ այս գործընթացն իր դրսեւորումներն էր ունեցել նաեւ 2012 թ. իշխանափոխության օրերին, երբ Բիձինա Իվանիշվիլիի թիմակիցների կողմից հայտարարվեց այսպես կոչված «Լեզվի ոստիկանության» ստեղծման մասին:

Ելնելով այն հանգամանքից, որ Վրաստանի ամբողջական տարածաշրջաններ բնակեցված են ոչ վրացական ազգություններով, իսկ վրացական իշխանությունները մինչ օրս չեն ստորագրել կամ վավերացրել բնիկ ժողովուրդներին եւ ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքներին վերաբերող  միջազգային փաստաթղթերը, դրանց միանալու դեպքում էլ՝ երկրում չեն մշակվել եւ կիրառության մեջ դրվել համապատասխան օրենքները, վերոնշյալ ողջ գործընթացն իր անմիջական ազդեցությունն է գործելու Վրաստանի կազմում գտնվող մի շարք տարածաշրջանների, այդ թվում՝ Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի հայահոծ  շրջանների հայության վրա: Միջազգային պարտավորություների չկատարման, օրենսդրական այսպիսի բացի պայմաններում վրացական իշխանությունների այսպիսի քայլերը նշյալ հայահոծ տարածաշրջաններում տեղի են տալու նոր հուզումների, կրկին մեծանալու է վրացական իշխանությունների հանդեպ անվստահությունը, խորանալու է ջավախահայության մեկուսացումը պետական ինստիտուտներից:

Նշյալ եւ այլ բացասական գործընթացներից խուսափելու համար Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը պահանջում է վրացական իշխանություններից, որ վերջիններս զերծ մնան իրենց ծրագրերի հանդեպ երկակի ստանդարտների կիրարկումից եւ նման գործընթացներ սկսելու շրջանակներում շուտափույթ կերպով ձեռնամուխ լինեն խնդրո առարկա տարածաշրջանում հայերենին տարածաշրջանային կարգավիճակ շնորհելուն: Դրանով նաեւ Վրաստանի նոր իշխանությունները կապացուցեն, որ պահպանում են իրական ժողովրդավարությանը հավատարիմ լինելու իրենց որդեգրած քաղաքական ուղեգիծն ու դրանով իսկ տարբերվում են նախորդ իշխանություններից:

Ի վերջո՝ ժամանակն է ընդունելու, որ բազմահազար ջավախահայեր բնիկ լինելու հետ մեկտեղ նաեւ հարկատու են, ինչպես երկրի բնիկ եւ հարկատու վրացիները, եւ ջավախահայերը եւս իրավունք ունեն սեփական լեզուն կիրառելու վարչական օղակներում կամ պետական միջոցներով պաշտպանելու այն, ինչպես փորձ է արվում ներկայումս՝ պաշտպանելու վրացերենը: Սա է իրական ժողովրդավարությունը:»

Նշենք, որ սեպտեմբերի 26-ին հայտնի է դարձել, որ Վրաստանի խորհրդարանը սկսել է աշխատել «Պետական լեզվի մասին» օրենքի վրա: Տարածված տեղեկության համաձայն, նշված օրենքի հիմնական նպատակը Վրաստանում պետական լեզվի (վրացերենի) պահպանման եւ զարգացման երաշխիքների ստեղծումն է: Լեզվի պահպանման մեխանիզմները նախատեսում են այն անձանց (ֆիզիկական եւ իրավաբանական) տուգանում, որոնք չեն ենթարկվի նշված օրենքով սահմանված նշումներին: