Էջմիածնի տոնին հայ երգիչ-երգչուհիները անվճար են երգելու: Այս մասին այսօր` հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ արձագանքելով հարցին, թե որքան են պատրաստվում վճարել նրանց:
«Համերգային մասով մենք գումար ծախսելու ենք միայն գործիքները վարձակալելու եւ լուսային էֆեկտների վրա: Իսկ երգիչները հարգելով քաղաքը, բնակչությանը, ինչու չէ նաեւ քաղաքապետարանի կատարած աշխատանքները, մեծ սիրով անվճար են երգելու: Այդ մասով գումար չեն ծախսելու»,- նշեց քաղաքապետը:
Հարցին, թե ի՞նչ գումարներով են նշելու քաղաքի տանը, նա պատասխանեց. «Մի բարի ավանդույթ է ձեւավորվել, որ էջմիածինցիներն իրենց հանգանակություններով փորձում են մասնակից դառնալ քաղաքի տոնին եւ մանրամասն հաշվետվություն է ներկայացվում հովանավորներին: Դրա արդյունքում քաղաքապետարանի միջամտությունը մոտավորապես 30-40 տոկոս է: Ենթադրենք ծախսերը 10 միլիոն են , բյուջեի ներդրումը լինում է 30-30 տոկոս»:
Դիտարկմանը, թե որքանո՞վ է նման տոներ նշելն անհրաժեշտություն, Գրիգորյանն արձագանքեց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շաբաթվա մեջ 6 օր պետք է աշխատենք մեկ օր հանգստանանք, տարվա մեջ մեկ օր հաստատ մեր ժողովուրդը արժանի է մեկ լավ տոն տոնելու»: Նրա խոսքով հոգեւոր համայնքը, թե աջակցում, թե համագործակցում է իրենց հետ:
Հիշեցնենք, որ Քջմիածին քաղաքի տոնը նշբվելու է հոկտեմբերի 8-ին:





























