Ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչ հարց տալ, ինչ հարց՝ ոչ, ես նման հարց չէի տա եւ խորհուրդ չեմ տա որեւէ մեկին նման հարց տալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի կողմից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հարցին:

«Եթե հարցը լիներ քաղաքական, գոնե լիներ ինչ-որ մի բան, որը փաստացի հաստատված է, օրինակ՝ hetq.am-ը տպեց օֆշորի հետ կապվածը, դա ինչ-որ փաստաթուղթ է: Եթե դա քաղաքական է, կարելի է, ով է ասում՝ չի կարելի, իսկ սա բացարձակապես քաղաքական չէ, ավելի շատ բուլվարային ինչ-որ բանից է, բայց ինչպես ասում են՝ յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը»,- ասաց նա:

Նա չցանկացավ մեկնաբանել կարծիքը, որ այդ հարցի հետ կապված պայմանավորվածություն է եղել իշխանության հետ եւ պատահական չէ, որ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը իր ձայնը զիջել է «Ժառանգության» պատգամավորին՝ ասելով, որ «եթե ես դա մեկնաբանեմ, կդառնամ Զարուհի Փոստանջյան, որովհետեւ կարծիք կա, փաստ չկա, հետեւաբար՝ անիմաստ է դրա մասին խոսելը»: Խոսելով Սերժ Սարգսյանի պատասխանի մասին՝ քաղտեխնոլոգը նշեց, որ նորմալ պատասխան էր, «համենայն դեպս, ինքը ավելի քաղաքական է պատասխանել, քան Զարուհին հարց է տվել»: «Վիրավորողները իրենք իջնում են Զարուհու մակարդակին, այդ հարցը տալու մակարդակին: Ոչ մի տարբերություն չեմ տեսնում, հավասարության նշան կդնեմ, որովհետեւ վիրավորելը, անկախ ամեն ինչից, անընդունելի է: Ինչ վերաբերում է պոմիդոր, ձվեր շպրտելուն, փորձը ցույց է տալիս, որ ում վրա պոմիդոր, ձվեր են շպրտում, հետո այդ մարդը ՀՀԿ-ի ցուցակով դեպուտատ է դառնում: Եվրախորհրդից հետ գալուց Գեղամյանի վրա տասը տարի առաջ ձվեր էին շպրտում, իսկ 8-9 տարի հետո Գեղամյանը ՀՀԿ-ի ցուցակով դարձավ դեպուտատ»,- ասաց քաղտեխնոլոգը:

Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանին՝  ԵԽԽՎ պատվիրակության կազմից հեռացնելուն՝ Կարեն Քոչարյանը նշեց, որ «ինչ ուզեն, անելու են, մի բան ասում են, մեկ այլ բան անում, անլուրջ է վերաբերում բոլոր հայտարարություններին, որովհետեւ այդ ամբիոնից ինչ-որ լսել ենք, փուչիկ է վերջում դուրս եկել»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am