Գյումրիում «զենքերով» մեքենաները կանգնեցնելը եւ ստուգելը «Կանալ-Կովկաս» ծրագրի շրջանակներում է կատարվում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը նշեց, որ ամբողջ հանրապետությունում այս օրերին անցկացվում է «Կանալ-Կովկաս» ծրագիրը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման մասնակից ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների նիստը:
Իսկ այսօր Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովին, ով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 1-4-ը «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության իրականացման կապակցությամբ, որի ղեկավարման միջազգային համակարգող շտաբը տեղակայված է Երեւանում:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին զանգահարած քաղաքացիները տեղեկացրել են, որ ոստիկանությունը Գյումրիում զենքերով ստուգումներ է իրականացնում: Թերթի զրուցակիցները նշել են, որ անտեղի կանգնեցնում են ավտոմեքենաներն ու ստուգում:
Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, որտեղից նշել են, թե ոստիկանությունն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում իր գործառույթներն է իրականացնում, եւ այդտեղ որեւէ արտառոց բան չկա:




























