Հայաստանում Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտի հիմնադրման նպատակը ինժեներական կադրերի պատրաստմանը զուգընթաց Հայաստանում շինարարության ոլորտում մասնագետների աշխատանքի ապահովմանը նպաստելն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Հայաստանի քաղաքաշինության նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ նշել է քաղաքացիական շինարարության ֆրանս-հայկական ինստիտուտի ստեղծմանն ու կայունությանն աջակցության ասոցիացիայի (IASIFA-BTP) նախագահ Միշել Կեւորկյանը:

Նրա խոսքով՝ իրենք մասնագետներ են պատրաստում շինարարության ոլորտում պահանջվող բոլոր մասնագիտությունների գծով` արհեստավորից մինչեւ նախագծող ինժեներներ:

ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ալեքսան Կարապետյանը վերահաստատել է քաղաքաշինության նախարարության պատրաստակամությունը շինարարության ոլորտի մասնագետների պատրաստման գործում այդքան կարեւոր` Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտի, հիմնադրման հարցում: Նա ներկայացնելով հանրապետության շինարարության ներկա իրավիճակն ու մարտահրավերները շեշտել է, որ շինարարության ոլորտը հատկապես պրոֆեսիոնալ արհեստավորների կարիք ունի: Այդ առումով, ողջունելի է, որ Ֆրանսիական բարձրագույն ինստիտուտը կադրեր է պատրաստում ոչ միայն ինժեներական մասնագիտությունների գծով, այլ շինարարության ողջ սպեկտորը ներկայացնող արհեստավորների գծով:

Կարապետյանը ֆրանսիական կողմին դիմել է նաեւ շինարարության ոլորտում ապահովագրական մեխանիզմների ներդրման առաջավոր եվրոպական փորձի փոխանակման խնդրով:

Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել հետագա արդյունավետ համագործակցության առնչությամբ: