Հայաստանում կանանց պետք չէ կեղծ պաշտոններ բաժանել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Ջերմուկում ընթացող Հայաստանի գյուղական համայնքների 3-րդ ֆորումի ժամանակ հայտարարել է «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» նախագահ Ջեմմա Ասատրյանը՝ պատասխանելով Հայաստանի փոխվարչապետ, ՏԿ նախարար Արմեն Գեւորգյանի հարցին:

Դիմելով Ասատրյանին, նա ժպիտով խոստովանել է, որ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց տոկոսը մեծ չէ: «Ինչ պետք է անել, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմիններում կանայք գոնե 5-7 տոկոս կազմեն: Գուցե, կանանց համար պետք է որոշակի պաշտոննե՞ր թողնել: Օրինակ, գոնե մեկ փոխնախարարի պաշտոն»,-հարցրել է Գեւորգյանը, ինչին Ջեմմա Ասատրյանը առարկել է՝ նշելով, որ քվոտաներ սահմանելը ոչինչ չեն տա ոչ կանանց, ոչ հանրապետությանը:

«Անպատրաստ մարդուն աշխատանքի վերցնել միայն այն բանի համար, որ նա կին է, սխալ է: Դա արժեզրկում է կանանց մասնակցությունը հասարակական կյանքին: Պետք է պարզապես աշխատել կանանց հետ, այդ թվում միջին տարիքի, սովորեցնել նրանց կիրառել իրենց գիտելիքները պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում: Նման փորձ կա, օրինակ Ռուսաստանում»,-ընդգծել է Ասատրյանը: