Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, «Ուսուցչի տոնի» կապակցությամբ հանրապետության մի խումբ ուսուցիչների շնորհավորել ու  պարգեւներ է հանձնել: ՀՀ ԿԳ նախարարը շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առիթով,  ընդգծել է, որ  ուսուցիչն արժանի է ամենօրյա գնահատանքի ու մեծարանքի:

«Սիրելի ուսուցիչներ, այս օրերեին Դուք լսելու եք ջերմագին մաղթանքներ ու շնորհավորանքներ, շնորհակալության եւ երախտիքի խոսքեր: Դա հասարակության  վերաբերմունքն է հայ մանկավարժի նկատմամբ:

Տարիներ շարունակ հայ մանկավարժը կրել է ոչ միայն Հայաստանի կրթության հիմնական բեռը, այլեւ եղել է նորանկախ պետության հիմնական շարժիչ ուժերից մեկը: Ուսուցիչն է կյանք ուղղորդել այն սերնդին, որն իր ուսերի վրա կրեց մեր անկախ պետության հասարակական,  տնտեսական, գիտական, մշակութային  եւ քաղաքական համակարգերը կերտելու ծանր ու պատասխանատու բեռը: Ես այսօր չեմ ուզում խոսել խնդիրներից, կրթական բարեփոխումներից ու մնացած հարցերից՝ այսօր այդ օրը չէ:

Վստահ եմ, որ, հասարակության անկեղծ շնորհակալությունն ու երախտիքը  ցանկացած մանկավարժի  համար նույնքան կարեւոր են, որքան նրանց սոցիալական խնդիրների բարելավմանն ուղղված պետության ջանքերը,- շնորհավորանքի խոսքում նշել է Ա. Աշոտյանն ու շարունակել,- Ես, Ուսուցչի տոնի առիթով  խնդրում եմ    ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ այսօր բոլորդ շնորհակալություն ասեք   ձեր ուսուցիչներին:

Շնորհակալություն ասեք բոլոր նրանց, ումից կյանքում գոնե մի բան սովորել եք, այն մարդկանց, ովքեր դերակատարում են ունեցել Ձեր ճակատագրի ու  մեծ կյանքի դռները ձեր առջեւ բացելու համար: Թող բոլոր ուսուցիչներն այսօր իրենց շոյված ու գնահատված զգան, լսելով շնորհակալություն բառը: Հետեւելով իմ կոչին, ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ուսուցիչներին՝ շնորհավորում եմ նրանց եւ եւս մեկ անգամ ասում՝ շնորհակալություն»:

Այնուհետեւ նախարարը հրավիրված շուրջ 4 տասնյակ մանկավարժների՝ բարեխիղճ եւ նվիրված աշխատանքի համար պարգեւատրել է ՀՀ ԿԳՆ  պատվոգրերով, շնորհակալագրերով ու ՀՀ ԿԳՆ Ոսկե հուշամեդալով: Մի խումբ լավագույն ուսուցիչների մրցանակներ է հանձնել նաեւ «Յուքոմ» ընկերությունը: