Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած «Արցախի ազգային-ազատագրական պայքարը. Գյուլիստանից մինչեւ մեր օրերը» միջազգային գիտաժողովին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ իր խոսքում Բակո Սահակյանը կարեւորել է նման միջազգային գիտական միջոցառումների կազմակերպումը՝ Արցախյան հիմնախնդիրը խորությամբ հասկանալու, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները համակողմանիորեն դիտարկելու եւ հնարավոր զարգացումները ավելի ճշգրիտ կերպով կանխատեսելու տեսանկյուններից:
Երկրի ղեկավարի բնութագրմամբ հայ ժողովրդի ազատ եւ ինքնիշխան ապրելու, ազգային պետականությունը վերականգնելու ձգտումը համաշխարհային պատմության մեջ ամենաերկարատեւ ազգային-ազատագրական պայքարներից է, որի ընթացքում մեկ բան մնացել է անփոփոխ՝ մեր ռազմավարական գերնպատակը՝ ազատ, ինքնիշխան եւ հզոր ազգային պետականության վերականգնումը եւ նրա շարունակական զարգացումն ու ամրապնդումը:
Անդրադառնալով Արցախի պետականաշինության ներկա փուլին՝ նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մեզ համար հետդարձի ճանապարհ չկա: Արցախի անկախությունը եւ անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որեւէ սակարկության:





























