26-ամյա Հաբեթ  Դ.-ն դանակահարել է հորն ու եղբորը ծեծողներից մեկին, որը թույլ չի տվել նրան գետնին ընկած հարազատներին օգնություն ցուցաբերել: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 26-ամյա Հաբեթ Դ.-ն  իր մորից` Անուշ Դ.-ից տեղեկացել է, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղում Խալաթյանները ծեծում են իր հորը` Խաչատուր Խ.-ին եւ եղբորը` Անդրանիկ Խ.-ին: Նա վերջիններիս առողջությունը պաշտպանելու նպատակով տնից վերցրել է ծալովի դանակը եւ շտապել նշված շենքի բակ: Տեսնելով , որ մի խումբ անձինք ծեծի են ենթարկում գետնին ընկած հորը, մոտեցել է եւ փորձել է օգնել նրան եւ թույլ չտալ հարվածել: Սակայն Հայկ Խ.-ն նրան թույլ չի տվել օգնել հորը եւ Հաբեթ Դ.-ն, տեսնելով, որ ծեծողների ձեռքին դանակ չկա, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ դանակով հարվածել է Հայկ Խ.-ի որովայնին եւ նրա առողջությանը պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Այսինքն, Հաբեթ Դ.-ն կատարել է հանցագործություն նախատեսված ՀՀ Քր. օր-ի 116 հոդվածի 2-րդ մասով (մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ): Այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-250-պատիկի չափով, կամ կալանքով` 1-3  ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել հոկտեմբերի 2-ին :Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: