Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, պատգամավոր Հովհաննես Սահակյանը։

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե խորհրդարանի ղեկավարի նախաձեռնությամբ աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող հիմնախնդիրները։

Հովիկ Աբրահամյանը ուշադրությամբ լսել է մասնակիցների կարծիքները մշակման փուլում գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենքի նախագծի դրույթների վերաբերյալ, ինչպես նաեւ նրանց բարձրացրած հարցերը։ ԱԺ նախագահը նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող բոլոր հարցերն ու խնդիրները պետության ուշադրության կենտրոնում եմ եւ դրանց լուծումները օրենսդրական ճանապարհով պետք է կարգավորվեն: Նրա խոսքով` խորհրդարանը պետք է դառնա հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների եւ հարցերի քննարկման հարթակ։

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը տեղեկացրել է, որ նախագիծը դեռեւս քննարկման փուլում է, հստակեցվում են որոշ դրույթներ, շուտով կառավարությունը նոր օրենքի նախագիծը կներկայացնի խորհրդարան: Նրա խոսքով՝ ներկաների հիմնական մասը մասնակցել է նախագծի նախնական քննարկումներին:

Ներկաները բարձրացրել են թեքահարթակների կառուցման, տրանսպորտից օգտվելու, ձայնային լուսաֆորների տեղադրմանն առնչվող հարցեր։ Առաջարկ է եղել նախագծում հստակեցնել ունիվերսալ դիզայնի մասին դրույթը։ Նշվել է, որ ունիվերսալ դիզայնի սկզբունքի կիրառումը շինությունները, տրանսպորտային միջոցները, պատմամշակութային վայրերի տարածքները հասանելի կդարձնի հաշմանդամություն ունեցող անձանց։

Հովիկ Աբրահամյանի առաջարկով ստեղծվել է հինգ հոգուց բաղկացած աշխատանքային խումբ, որը կմասնակցի ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ օրենքի նախագծի բոլոր քննարկումներին։

«Ես պատրաստ եմ աջակցել ձեզ յուրաքանչյուր հարցում»,-ասել է ԱԺ նախագահը եւ ավելացրել, որ համագործակցությունը հնարավորություն կտա հաղթահարել խնդիրները։