Մանր ու միջին ձկնարդյունաբերողները դուրս են մղվել հայաստանյան շուկայից եւ շուկան կենտրոնացել է հիմնականում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ «Յունի ֆիշ» կազմակերպության սեփականատերերից Արմեն Մկրտչյանի ձեռքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ձկնարդյունաբերությամբ զբաղվող, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը:
Նրա խոսքով, այնպիսի արհեստական խնդիրներ էին ստեղծել, որ մանրերը այլեւս չեն կարողանում գոյատեւել: «Մի պահ ձկնարդյունաբերողների միությունը փորձեց խնդրի մասին բարձրաձայնել, սակայն արդյունքի չհասանք: Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ խոշոր ձկնարդյունաբերողները այնքան խորքային հորեր ծակեցին, որ նրանց մոտ ջուրը կտրվեց: Շատ խորքային հորեր այսօր չեն կարողանում շահագործվել , որովհետեւ ճնշում չկա: Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանը անվերջ չէ»,- դժգոհեց Գագիկ Բաղդասարյանը:
Հարցին, թե այդ դեպքում խոշորներին ինչպես է ջուրը բավականացնում, նա հիմնավորեց. «Խոշոր ձկնարտադրողները իրենք իրենց տնտեսությունները կազմավորել են ջրային ավազանների մոտ՝ իմանալով, որ այնտեղ խնդիր չի լինի»: Նա նաեւ ավելացրեց, որ ինքը իր ձկնարդյունաբերությունը հազիվ է յոլա տանում:





























