Հայկական ծագմամբ ռուսաստանցի ներդրողը ծրագրում է վերականգնել Սեւանա լճից ոչ հեռու գտնվող «Լիճք» հանքային ջրերի գործարանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի ավագանի Գնել Գրիգորյանը:

Նրա խոսքով` 90-ական թթ. գործարանի սարքավորումները պահպանվել են, սակայն անցել է պիտանիության ժամկետը: «Եթե ներդրողը ցանկանա գործարանում ներդրումներ անել, ապա պետք է նորը կառուցի, քանի որ ողջ սարքավորումները պետք նորացվեն»,- պարզաբանել է ավագանին:

Ինչպես նշել է մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մոտ ժամանակներս ներդրողը պետք է ժամանի, որպեսզի տեղում մարզի ղեկավարության հետ քննարկվի ներդրումների ծրագիրը: «Մենք, իհարկե, հետաքրքրված ենք, որպեսզի տեղի բնակչության համար լրացուցիչ աշխատատեղեր ստեղծվեն»,- հայտարարել է մարզպետը:

Բացի հանքային ջրի շշալցումից, ներդրումների մեկ այլ տարբերակ է դիտարկվում դրանում ածխաթթու գազի ստացումն ու վաճառքը:

Խորհրդային տարիներին գործարանը տարեկան թողարկում էր ավելի քան 2 մլն շիշ հանքային ջուր: 2013թ.-ին մշակված գյուղի գլխավոր ծրագրի համաձայն գործարանի վերաբացումը կարող է ապահովել ավելի քան 200 աշխատատեղ: