Հայաստանյան բանկերի միությունը համագործակցության հուշագիր է ստորագրել հայկական գնահատող «Օլիվեր Գրուպ» կազմակերպության հետ:
Փաստաթղթի համաձայն «Օլիվեր Գրուպը» պարտավորվում է անհատույց ՀԲՄ-ին ամեն եռամսյակին ներկայացնել Հայաստանում անշարժ գույքի շուկայի հետազոտության մանրամասներ: Միությունն իր հերթին պատրաստ է կազմակերպության հետ կիսել անշարժ գույքի գրավադրմամբ, այդ թվում աճուրդային, վարկերի քանակի մասին բանկային տվյալների ընդհանրացումը:
«Մենք մտադիր ենք Հայաստանում գործող բոլոր բանկերին ուղղարկել «Օլիվեր Գրուպի» հետազոտությունները, որպեսզի նրանք տիրապետեն անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկություններին»,- ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է ՀԲՄ ներկայացուցիչ Սամվել Ճզմաչյանը: «Չի բացառվում նաեւ, որ այդ հետազոտությունների հիման վրա մեր վերլուծաբանները պարզեն անշարժ գույքի շուկայի զարգացման երկարաժամկետ միտումները եւ բանկերի համար առաջարկություններ մշակեն»,- հավելել է նա:
Իր հերթին, «Օլիվեր Գրուպի» գլխավոր տնօրեն Արա Ադուրյանը նշել է, որ իր ընկերությունն անշարժ գույքի գնահատման բնագավառում ծառայություններ է մատուցում երկրի ֆինանսական եւ բանկային հատվածի երկու երրորդ մասին: «Մենք այդ շուկան բանկերի համար ավելի ճանաչելի կդարձնենք, մասնավորապես, առաջարկների ոլորտում: Բացի այդ, ես չեմ թաքցնում, որ այս փոխազդեցությունը մեզ համար կարեւոր է նաեւ հեղինակության առումով», - ասել է Ադուրյանը:
Նշենք, որ Կենտրոնական բանկի պահանջով Հայաստանի յուրաքանչյուր առեւտրային բանկ պետք է նվազագույնը հինգ գնահատող կազմակերպության ծառայություններից օգտվի: Սակայն Ճզմաչյանը նշել է, որ գործնականում աշխատում են 10 կամ 15 կազմակերպության հետ, որպեսզի խուսափեն իրավիճակներից, երբ միեւնույն օբյեկտը տարբեր կազմակերպությունների կողմից գնահատվում է գումարի ահռելի տարբերություններով:





























