Մենք պետք է հարգենք նախագահի, վարչապետի, ԱԺ-ն եւ նրա խոսնակի ինստիտուտը եւ կապ չունի, թե ով է այnտեղ գտնվում, եթե հարգում ենք մեր ինստիտուտը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 5-ին հրավիրված ասուլիսին ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված հարցին:

Ահարոն Ադիբեկյանը բերեց Արիստոտելից մնացած սոփեստական մի հարցի օրինակ, որը իր մեջ պնդում է պարունակում: «Օրինակ, դու դադարե՞լ ես ծեծել քո հորը: Եթե դու դադարել ես, ուրեմն նախկինում քո հորը ծեծել ես: Իսկ եթե ասում ես՝ ոչ, ուրեմն նախկինում էլ ես ծեծել, հիմա էլ ես ծեծում: Հիմա այստեղ հարցի մեջ կա պնդում` որտեղից եք վերցրել այն գումարները, որը կազինոյում կրվել եք: Այսինքն` իր համար հարյուր տոկոսանոց փաստ է»,- նկատեց Ահարոն Ադիբեկյանը: Միաժամանակ ավելացրեց, որ կազինոյում ամեն ինչ տեսանկարահանվում է եւ մեկին կաշառելով դժվար չի լինի այդ տեսաձայնագրությունը վերցնել, եթե նման բան կա: «Ես չեմ ասում, որ նախագահը չի գնացել կազինո, չի կրվել: Դա ինձ չի հետաքրքրվում եւ գուցե դա նա արել է: Բայց հարգելով նախագահի ինստիտուտը՝ այլազգիների մոտ նման հարցադրումը իմ մոտ սադրանքի տպավորություն է թողնում»,- ընդգծեց Ահարոն Ադիբեկյանը: Նա նաեւ նշեց, որ Զարուհի Փոստանջյանին պատժելու ձեւերից մեկը կարող է լինել անհիմն հայտարարություն անելու համար հայց ներկայացնելն ու նրան պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելը: «Այդ ընկերուհուն պետք չէ լուրջ ընդունել: Այսօր նրա մասին խոսում ենք ավելի շատ, քան այլ կարեւոր հարցերի»,- ավելացրեց Ահարոն Ադիբեկյանը:

Հարցին, թե այդ հարցը Զարուհի Փոստանջյանի վարկը բարձրացրե՞ց, թե՞ իջեցրեց, Ադիբեկյանը պատասխանել է, թե կարող է ընդիմադիր դաշտի մեջ բարձրանա, բայց իշխանականի մեջ կիջնի եւ ընդհանուր առմամբ կարող է բերել նվազեցմանը: «Ստացվում է, թե համը հանեմ, թող իմ մասին ինչ ուզում են ասել, բայց չեն մոռանա: Թույնը թափելու ինչ-որ մի ցանկություն է եղել, որովհետեւ դրանով նա ոչինչի չի հասել: Նախագահը մնում է իր տեղում եւ, եթե կազինո է գնացել, էլի կգնա, եթե չի գնացել, չի գնա »,- ընդգծեց Ահարոն Ադիբեկյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am