Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում հոկտեմբերի 4-ի առավոտյան աշխատանքներն է սկսել «Արցախահայության ազգային-ազատագրական պայքար. Գյուլիստանից մինչեւ մեր օրերը» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված   արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 25-ամյակին։ ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այն հրավիրվել է հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակներում եւ  կտեւի երկու օր։

Գիտաժողովն անց է կացվում տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողովի հովանու ներքո։ Որպես միջոցառման համակազմակերպիչներ հանդես են գալիս  Արցախի պետական համալսարանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտը, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակը (Բելգիա), Լյուվենի կաթոլիկ համալսարանը (Բելգիա) եւ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան։

Գիտաժողովի բացման արարողությանը ներկա էին  եւ ողջույնի խոսքով հանդես են եկել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Գիտաժողովին ներկա են անվանի ու հեղինակավոր գիտնականներ՝ պատմաբաններ, քաղաքագետներ, իրավագետներ եւ փորձագետներ մի շարք երկրներից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Բելգիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Չեխիայից, Կիպրոսից, Լիբանանից, ինչպես նաեւ Հայաստանից ու Արցախից։

Միջոցառմանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում են Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը, ֺ Բելգիայի Սենատի պատգամավոր Անդրե դե Բուս դե Վարնաֆը, Բելգիայի Ազգային ժողովի պատգամավոր Ժան-Կլոդ Դեֆոսսեն, իսկ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը գիտաժողովի աշխատանքներին կմիանա հոկտեմբերի 5-ին։

Միջոցառմանը մասնակցում են նաեւ ԼՂՀ պետական, քաղաքական, հանրային ու գիտակրթական շրջանակների ներկայացուցիչներ, ուսանողներ։

Միջազգային գիտաժողովի բացումն ազդարարվել է ԼՂՀ պետական օրհներգի կատարմամբ։

Միջոցառումը ներածական խոսքով բացել է ԼՂՀ ԱԺ նախագահ, տոնակատարության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Ողջունելով ներկաներին ու նշելով, որ  2013 թվականը արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման նորագույն փուլի  25-ամյակի տարին է, նա հաղորդել է, որ դեռ անցյալ տարվա դեկտեմբերին հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է հոբելյանական տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողով, որը հաստատել եւ ամբողջ տարվա ընթացքում իրականացրել է միջոցառումների մի ամբողջ շարքֺ նվիրված Ղարաբաղյան շարժմանը: Այսօրվա միջազգային գիտաժողովով, ասել է նա, մենք փաստորեն ամփոփում ենք  տոնական միջոցառումների ծրագիրը:

Իր խոսքում ԱԺ նախագահը, հակիրճ անդրադարձով բնութագրել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի փուլերը, կարեւորելով դրանց նշանակությունը ոչ միայն Արցախի հայության, այլեւ ողջ հայ ժողովրդի պատմական ճակատագրում։ 

Միջոցառումը ողջունեց ու նրա մասնակիցներին շնորհավորանքի եւ օրհնանքի խոսք ուղղեց  Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ  արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ «Երկու հարյուր տարի առաջ,- ասաց նա,- Արցախ աշխարհը ազատագրվեց պարսկական լծից եւ միացավ Ռուսաստանի կայսրությանը։ Մենք էինք դիմել։ Մենք դիմել էինք մեկ պատճառով՝ գտնվել Ռուսաստանում կամ Եվրոպայում՝ նույն մշակութային դաշտում, ապրել նույն արժեքներով, որ մեր հարազատ արժեքներն են»։ Թեմակալ առաջնորդի խոսքով՝ իրադրությունը փոխվեց 1917-20 թվականներից, եւ Արցախը, ինչպես նաեւ Նախիջեւանն ու մեր պատմական Ուտիքը հայտնվեցին Ադրբեջանի կազմում՝  Ստալինի անհատական, կամային որոշմամբ։ Սկսած 1994 թվականից, ասաց նա, երբ  ավարտվեց այդ դաժան քառամյա պատերազմն Արցախի դաշտում, մենք ապրում ենք իսկապես խաղաղ պայմաններում, ուր կա կատարյալ անվտանգություն եւ խաղաղություն։ Այ, դրա համար արժեր 340-350 տարի պայքարել, ասաց Արցախի հոգեւոր հովվապետը, որովհետեւ մարդու համար՝ որպես Աստծո արարածի, ամենաթանկագինը անվտանգությունն է եւ ազատությունը, ինչը մենք այսօր  ունենք։ Սրբազան հայրը  վստահություն է հայտնել, որ մի օր միջազգային հանրությունն ի վերջո  համարձակ կգտնվի եւ այն կճանաչի դե-յուրե։

Ապա ողջույնի խոսքով հանդես են եկել Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը,  Ռուսաստանի ժողովուրդների հոգեւոր միասնության միջազգային հիմնադրամի նախագահ, պատմաբան, հասարակական գործիչ, պատմական գիտությունների դոկտոր Գեորգի Տրապեզնիկովը, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը։

Գիտաժողովում ելույթ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ընդգծելով, որ  նման միջազգային գիտական միջոցառումների կազմակերպումը չափազանց կարեւոր է արցախյան հիմնախնդիրը խորությամբ հասկանալու, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները համակողմանիորեն դիտարկելու եւ   հնարավոր զարգացումներն ավելի ճշգրիտ կերպով կանխատեսելու տեսանկյուններից։

Երկրի ղեկավարի բնութագրմամբ հայ ժողովրդի ազատ եւ ինքնիշխան ապրելու, ազգային պետականությունը վերականգնելու ձգտումը համաշխարհային պատմության մեջ ամենաերկարատեւ ազգային-ազատագրական պայքարներից է, որի ընթացքում մեկ բան մնացել է անփոփոխ՝ մեր ռազմավարական գերնպատակը՝ ազատ, ինքնիշխան եւ հզոր ազգային պետականության վերականգնումը եւ նրա շարունակական զարգացումն ու ամրապնդումը:

Բացման արարողության ավարտից  հետո գիտաժողովը թեմատիկ բաժանմունքներում շարունակում է աշխատանքները։