Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ծեծկռտուք է տեղի ունեցել նախագահի ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլիի կողմնակիցների եւ ընտրողների միջեւ վերջին հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է contact.az-ը, դեռեւս նախքան երիտասարդության հետ հանդիպումը, դահլիճ են ներխուժել սադրիչներ, որոնք, ընդդիմադիրների դեմ կարգախոսեր բղավելով, փորձել են խանգարել միջոցառման անցկացումը:

Հանդիպման կազմակերպիչների եւ մասնակիցների խնդրանքներից հետո, ոստիկանությունը դահլիճից դուրս է հանել սադրիչներին: Կարճ ժամանակ անց նրանք կրկին վերադարձել են ՝ փորձելով ծեծկռտուք սարքել: Ոստիկանությունը եւս մեկ անգամ ստիպված է եղել հեռացնել նրանց:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 9-ին: Նախընտրական քարոզարշավն անցկացվում է ընդդիմության վրա գործադրվող բացահայտ ճնշման, ակտիվիստների եւ բազմաթիվ լրագրողների ձերբակալության ֆոնին: