Քալիֆորնիայում հոկտեմբերի 6-ին ոստիկանությունը կալանավորել է բայքերների հանդիպման 100-ից ավելի մասնակիցների, որոնք զանգվածային կռիվ էին սկսել Ֆրեզնո քաղաքի «Soul Brothers» ակումբում:
Հոկտեմբերի 6-ի երեկոյան` «Soul Brothers» ակումբում բայքերների ավանդական հանդիպմանը հավաքվել էր 500 մարդ: Վեճ էր ծագել, որի ընթացքում կիրառվել էր հրազեն: Որոշ ժամանակ անց կռվին միջամտել էին նոր մասնակիցներ, եւ երբ դեպքի վայր էր ժամանել ոստիկանությունը, ակումբին հարակից փողոցներում արդեն ակտիվ հրաձգություն էր սկսվել: Դեպքի վայրում աշխատել է ոստիկանության 100 աշխատակից:
Հայտնի է, որ «Soul Brothers» ակումբում կրակոցների հետեւանքով մեկ մարդ է զոհվել, 12-ը տարբեր աստիճանի ծանրության վերքեր են ստացել, հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները: Զոհի եւ տուժածների անունները ոստիկանները չեն բացահայտել:
Ոստիկանները կալանավորել են հարյուրից ավելի մարդու: Սակայն հարցաքննությունից հետո բոլոր կալանավորվածները ազատ են արձակվել, հայտնել են ոստիկանությունում` ոչինչ չմանրամասնելով:
«Soul Brothers» ակումբը պատկանում է 1967թ. հիմնադրված բայքերների համանուն միավորմանը: Ամեն տարի գարնանը եւ աշնանը «Soul Brothers»-ում հանդիպում է տեղի ունենում, ոին մասնակցում են տարբեր բայքերական ակումբների անդամներ, գրում է lenta.ru-ն` վկայակոչելով The Fresno Bee թերթը:




























