Հայաստանի զինված ուժերի զարգացման պլանի համաձայն` հոկտեմբերի 7-9-ը ՀՀ պետական եւ ռազմական կառավարման մարմինների հետ մեկնարկել են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ` «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե մարզումների նպատակներն են` առաջարկությունների նախապատրաստման հարցերով պետական կառավարման մարմիններին փորձի հաղորդումը ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, իրավիճակի գնահատումից եզրակացությունների մշակման եւ ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի որոշման ընդունման ներկայացման համար, ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում պետական եւ ռազմական կառավարման մարմինների աշխատանքի ներդաշնակվածության մակարդակի բարձրացումը, պետական կառավարման համակարգում նոր արդյունավետ միջոցների ներդնումը:
«Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների ընթացքում, մարզումների մտահղացման շրջանակներում խաղարկվելու է ռազմաքաղաքական որոշումների ընդունման գործընթացը իրավիճակի սրման պայմաններում: Ճշգրտվելու են պետական կառավարման համակարգը ագրեսիայի հետմղման պատրաստականության փոխադրելու ղեկավար նորմատիվ ակտերը: Խաղարկվելու է նաեւ հակառակորդի ագրեսիայի հետմղման եւ հակահարձակման գործողությունների սցենարը իրավիճակի սրման սկզբնական շրջանում:





























