Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (պոլիտեխնիկ) ուսման վարձերի փոփոխություն եղել է, ու ապագայում եւս կլինի: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ վարձի բարձրացումը կապված է նոր տեխնոլոգիաների ներդրման, պահպանման, շահագործման ծախսերի հետ ու համահունչ է բնակչության սոցիալական վիճակին, պետության հնարավորություններին: Եթե նոր սարքավորումները ձեռք են բերվում համատեղ ծրագրերի շրջանակներում, ապա պահպանման ու շահագործման ծախսերն ամբողջությամբ համալսարանի վրա են:
«Պատկերացրեք՝ սենյակում կար 1-2 հին հաստոց, որոնք շատ հաճախ չէին էլ միացնում: Իսկ հիմա կանոնավոր օգտագործում են: Վերջին 1 տարում 4 հազ. քառ. մետր նոր լաբորատորիա է գործարկվել: Այդ չնչին բարձրացումը հազիվ էլ հերիքի պահպանման ու շահագործմանը»,- ասաց Ա. Ավետիսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ մի քանի մասնագիտություններով բարձրացումը 26 հազ. դրամ է տարեկան, մի քանի մասնագիտություններով՝ 72 հազ. դրամ:
Ինչ վերաբերում է դասախոսների աշխատավարձին, ապա Ա. Ավետիսյանն ասաց, որ 2 տարի բարձրացրել է, այս տարի որոշ սխեմաներ վերանայվել են, ու այո՝ կան իջեցումներ; «Որովհետեւ ոչ լսարանային ու լսարանային ժամերը նույնքան չեն կարող արժենալ՝ կոնսուլտացիոն ժամերը չեն կարող նույնքան արժենալ, որքան լեկցիոն ու լաբորատոր ժամերը; Ազնիվ ու արդար համակարգ պետք է աշխատի, այլապես կունենանք չհիմնավորված ու անձնավորված վերաբերմունքի դեպքեր»,- նշեց ՀՊՃՀ ռեկտորը:





























