Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընդհանուր խճանկարը հասկանալուց առաջ, նախ և առաջ, կարելի է համառոտ պատմական ակնարկ կատարել 1991-ից մինչև այսօր տեղի ունեցած համապետական ընտրություններին, վերհանել և վերլուծել դրանց առավել խոցելի կետերն ու առանձնահատկությունները` հասկանալու համար դրանց դերն ու նշանակությունը, դրանց ազդեցությունը քաղաքական համակարգի փոխակերպման համատեքստում, ինչպես նաև ցույց տալու ընտրական համակարգի կերպափոխման պատճառականներն ու արտասովոր կողմերը, այնուհետև ներկայացնել գալիք նախընտրական շրջանը, նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրված խախտումները և բռնաճնշումները, ընտրական մրցապայքարի պակասը, արտաքին ուժերի գործոնը և փորձելով կատարել արդյունքների կանխատեսում` տալ ընդհանուր, վերջնական վերլուծություն:

Այսպես, Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ Ադրբեջանում տեղի ունեցան առաջին նախագահական ընտրությունները` 1991թ.-ի սեպտեմբերի 8-ին, որի արդյունքում նախագահ ընտրվեց միակ թեկնածու Այազ Մութալիբովը(98,5%): 1992-ի մայիսին` հեղափոխական տրամադրությունների թեժացման արդյունքում իշխանությունն իրենց ձեռքը վերցրեցին Ազգային Ճակատի ուժերը: Հուլիսի 7 ին տեղի ունեցան արտահերթ նախագահական ընտրություններ, և նախագահ ընտրվեց Աբուլֆազ Էլչիբեյը(59,4%):

Երկրում տիրող հեղափոխական տրմադրությունների մթնոլորտում, Հեյդար Ալիեւը, պայմանավորվածություն ձեռք բերելով գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ, ստանալով հասարակության զգալի հատվածի աջակացությունը, օգտագործեց իր սահմանադրական իրավունքը և Էլչիբեյին «ուղարկեց» թոշակի: 1993թ.-ի հոկտեմբերի 3-ին տեղի ունեցան հերթական նախագահական ընտրությունները, որի արդյունքում Ադրբեջանն ունեցավ նոր նախագահ(98,8 %):

Ալիեւի նախագահ դառնալուց անմիջապես հետո Ադրբեջանը որդեգրեց բոլորովին նոր արտաքին և ներքին քաղաքական կուրս:   1995-ի ամառն Ադրբեջանի համար սկսվեց ժողովրդավարական փոխակերպումների լուրջ փորձությունների առաջ կանգնելով: Նախընտրական արշավը վերածվեց քաղաքական իրողությունների յուրահատուկ չափման կետի: Եվ չնայած տարածված բոլոր այն տեսակետներին, թե այս անգամ ընտրությունները չեն կեղծվի կամ գոնե արևմուտքը թույլ չի տա, իշխող կուսակցությունը ստացավ ձայների զգալի մեծամասնությունը, իսկ իրական ընդդիմադիր ուժերի քանակը խորհրդարանում հասցվեց վտանգավոր` 5-6% մինիմումի:

Հաջորդ` 1998թ.-ի հոկտեմբերի 11-ի նախագահական ընտրությունների արդյունքում` իշխանությունները ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ ընտրական հանձնաժողովներին հատուկ հրահանգ ուղարկելով, ըստ որի փոխվում էր ընտրաձայների հաշվման արարողակարգը, նշեցին նախագահի վերընտրությունը:

Մինչ 2000թ.-ի խորհրդարանական ընտրությունները, Ադրբեջանում առաջին անգամ կայացան ՏԻՄ ընտրությունները, որոնք, ինչպես իրենց նախորդներն անցան գրեթե նույն սցենարով Նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրությունները կայացան հուլիսի 5-ին նոր ընդունված ԸՕ փոփոխություններով,  որը չէր նախատեսում անկախ դիտորդների մասնակցությունը: Արդյունքում ԿԸՀ-ն 13 ընդդիմադիր կուսակցություններից գրանցեց միայն 5 ին, իսկ «Ենի Ադրբեջան» կուսակցությունը 62,31% ձայների բացարձակ մեծամասնությամբ հայտնվեց խոհրդարանում: ԵԱՀԿ, Human Rights Watch և մի շարք այլ միջազգային կառույցներ[4] ամբողջ ընտրաշրջանը որակեցին որպես պետության և քաղաքական որոշումների ընդունման միակ աղբյուր հանդիսացող նախագահի կողմից միջամտություն ինչպես թեկնածուների գրանցման, այնպես էլ ընտրական հանձնաժողովների ձևավորման գործընթացում:

Ադրբեջանի մուտքը 21-րդ դար սահմանադրական և այլ օրենքների փոփոխությամբ, որի հիմնական դրույթն այն էր, որ 105-րդ հոդվածի համաձայն նախագահի մահվանից և անաշխատունակությունից հետո բարձրագույն իշխանությունը փոխանցվում է երկրի վարչապետին, ով այդ ժամանակ արդեն Իլհամ Ալիևն էր: Մյուս` առավել կարևոր փոփոխությունը տեղ գտավ ԸՕ-ում` ընտրական արգելապատնեշի տոկոսի նվազեցմամբ, համաձայն որի նախագահ է ընտրված համարվում այն թեկնածուն, ով հավաքել է 50% + 1 ձայն(հիշեցնենք, որ նախկինում ընտրված էր համարվում այն թեկնածուն, ով հավաքել է ձայների 2/3-ը):  2003թ.-ի հոկտեմբերի 15-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում, 76,84% ձայների հարաբերակցությամբ, ժառանգեց հոր իշխանությունը: Այսպիսով, կարելի է ասել, որ նոր ղեկավարի մուտքն ազդարարեց նոր` ավելի ավտորիտար, ավելի սարսափելի ու կենտրոնաձիգ համընդհանուր մթնոլորտ, որն իր, շարունակական զարգացվածությամբ, միտված էր հասարակության լայն շերտերի ապազարգացմանն ու իրական ընդդիմության բացակայությանը:

2005թ.-ի նոյեմբերի 6-ին խորհրդարանական ընտրությունները մեկնարկեցին ԸՕ-ում արդեն տեղ գտած լուրջ փոփոխությամբ, որով Միլի Մեջլիսը ձևավորվում էր բացառապես 125 մեծամասնական միամանդատ ընտրական համակարգով ընտրված պատգամավորներից, և չնայած, ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ, ԵԽ, ինչպես նաև Վենետիկի (որոնք այդ փոփոխությունները պաշշտոնապես համարել էին որպես հետ քայլ) հանձնաժողովի  դատապարտող, հորդորող կոչերի, Ադրբեջանի իշխանություններն այդպես էլ հրաժարվեցին հետ կանգնել այդ որոշումից: «Ենի Ադրբեջան» կուսակցությունը ստացավ 64.45% ձայների մեծամասնությունը:

2008թ.-ին և 2013-ին տեղի ունեցած համապատասխանաբար նախագահական և խորհրդարանական ընտրությունները սկզբունքորեն ոչնչով չտարբերվեցին իրենց նախորդներից: Միայն կարելի ասել, որ այս անգամ ևս ձեւավորվեց ընդդիադիր նոր քաղաքացիական շարժում հանուն ժողովրդավարության  «Հասարակական Պալատ» դաշինքը, որին առանց դժվարությունների սաստեցին իշխանությունները: Ընտրությունները երկու դեպքում էլ ընթացան կոպիտ ընտրախախտումներով, ԶԼՄ-երի և ընտրական հանձնաժողովների խիստ վերահսկողությամբ:

Անցում կատարելով հոկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին, պետք է ասել, որ նախընտրական շարժը դեռևս սկսվել էր գարնանից, երբ դեռ հստակ պարզ չէր, թե ով է լինելու Իլհամ Ալիեւի հիմնական մրցակիցը, ով 2009թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո հնարավորություն էր ստացել 3-րդ անգամ անընդմեջ մասնակցելու նախագահական ընտրություններին: Մայիսի 28-ին Նովխանա ավանում ձևավորվեց ընդդիմադիր նոր բլոկ` Դեմոկրատական Ուժերի Ազգային Խորհուրդ: Ահա այս լուրը ցնցեց ոչ միայն ադրբեջանական հասարակությանն, այլև փոքր-ինչ անակնկալի բերեց իշխանություններին, որոնք դեռ նոր էին սկսում մարսել հունվարյան ցույցերը:

Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Իսմայիլ քաղաքում մեկնարկել, այնուհետև Բաքու էր տեղափոխվել բազհամահազարանոց ցույցերի ակցիան, որի մասնակիցները պահանջում էին ազատ արձակել բոլոր այն երիտասարդ քաղբանտարկյալներին, ովքեր Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով հավաքել էին շուրջ 16.000 $, նախկինում ձերբակալված քաղբանտարկյալներին օգնելու համար: Ցույցերն ավարտվեցին ոստիկանական ուժերի կողմից արցունքաբեր գազի կիրառմամբ, լուրջ բախումներով, տասնյակների հասնող ձերբակալություններով և զոհերով: Իբրահիմբեկովի` ընդդիմության թեկնածու հաստատվելուց հետո ԿԸՀ-ն պաշտոնապես հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի երկքաղաքացիություն ունեցող Իբրահիմբեկովը չի կարող գրանցվել որպես նախագահի թեկնածու, քանի որ վերջին 10-ամյակում Ադրբեջանում եղել է ընդամենը 1163 օր[9]: Խորհրդի ներսում սկսվեց պայքար առաջին համարի համար, որն էլ վառ արտահայտումն էր նրա, որ ադրբեջանական ընդդիմությունն, ինչպես միշտ, տառապում է բռնապետական հիվանդությամբ. յուրաքանչյուր նոր եկած առաջնորդ կարճ ժամանակահատվածում դառնում է անձեռնամխելի և անհասանելի կուռք մնացած բոլոր անդամների համար: Եվ վերջիվերջո, ծանր բանակցություններից հետո, որոշում կայացվեց առաջադրել Ջամիլ Հասանլիի թեկնածությունը:

Նախընտրական քարոզարշի մեկնարկը տրվեց սեպտեմբերին 16-ին, ու հենց քարոզարշավի առաջին օրն էլ տեղի ունեցավ առաջին և ամենազավեշտալի խախտումներից մեկը: Բանն այն է, որ այդ օրը նաև նոր կիսամյակային կրթության առաջին օրն էր, և բոլոր դպրոցներում առաջին առարկան, արդեն սովորույթ դարձած, «հայրենասիրությունն» է, որի ընթացքում աշակերտներին բաժանվել էր տեղեկատվական գրքույկներ և DVD ձևաչափի լազերային սկավառակներ նախագահ Ալիեւի մասին: Ֆինանսավորումը կատարվել էր էկոնոմիկայի նախարարության բյուջեից: Հաջորդ երկու օրերի ընթացքում մեծաթիվ բողոքներից դրդված կրթության և գիտության նախարարը պաշտոնական պարզաբանում տվեց կատարվածի շուրջ, ըստ որի դա բավականին ճիշտ քայլ է, քանի որ պետության գլուխը <<հայրենասիրության>> կարևորագույն կոմպոնենտներից մեկն է հանդիսանում: Ադրբեջանում չի պահպանվում նաև թեկնածուների հավասար իրավունքները: Տեղեկություն էր տարածվել, թե Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Սարդար Ջալալօղլուն հայտարարել է, որ իր ցուցապաստառներն անհայտ անձինք պատռում են: Եվ չնայած, վերոգրյալ բոլոր կոպիտ խախտումներին` ամենահետաքրքիր և ծիծաղ առաջացնող դեպքը կապված է Ադրբեջանի Պետական Վիճակագրական Ծառայության և ԿԸՀ ներկայացրած պաշտոնական տվյալների հետ:

 Այսպես, ՊՎԾ ի օգոստոսյան պաշտոնական տվյալների համաձայն Ադրբեջանում ապրում է շուրջ 4.986.296 18-ից բարձր տարիք ունեցող մարդ, իսկ ԿԸՀ սեպտեմբերյան պաշտոնական տվյալների համաձայն` ընտրացուցակներում առկա են շուրջ 6.467.000 ընտրող[10]: Տարբերությունը կազմում է 1.8 մլն., կամ ընտրողների ընդհանուր թվի 36%-ը: Ինչ վերաբերում է ընտրապայքարին, հարկ է նշել, որ նախագահական աթոռի համար պայքարելու են 21 գրանցված թեկնածուներ` Ադրբեջանում 80 և օտարերկրյա դիվանագաիտական հաստատություններում` 37 ձևավորված միամանդատ ընտրատեղամասերում: Սա առերևույթ ընտրական մրցապայքարի տպավորություն է թողնում, սակայն մենք հավոզված ենք, որ սա հատուկ կանխամտածված իմիտացիոն ծրագիր է` կազմակերպված իշխանությունների կողմից` որոշ օղակների աչքերին թոզ փչելու համար: Չնայած ընտրական արշավի ողջ ընթացքում ուղեկցվող խախտումներին, միջազգային տարբեր կառույցների կողմից դրանց տրված բավականին կոշտ ու հորդորող գնահատականներին` առանձնակի տարբերվող և հետաքրքրական է մեծ պետությունների գնահատականը:

Մասնավորապես` առաջին քայլը կատարեց ՌԴ նախագահ Պուտինը, ով իր օգոստոսյան այցի ժամանակ Բաքվում նշեց, որ Ադրբեջանը լուրջ առաջընթաց քայլեր է կատարել կենսաթոշակների բարձրացման, տնտեսության և այլ ոլորտներում: ՄԲ-ն չի թաքցնում իր բացահայտ աջակցությունը գործող նախագահին: ՄԲ-ի նման վերաբերմունքը կարելի է բացատրել էներգետիկ փոխհամագործակցության տեսանկյունից, որի համատեքստում առավել կարևոր ու հրատապ է դառնում 2017թ.-ին Շահդենիզ գազահանքի 2-րդ փուլի գործարկումը և անգլիական նավթա-գազային ընկերությունների ներկայացվածությունը Ադրբեջանում առհասարակ: Ի դեպ, հարկ է նշել, որ Շահդենիզի ադրբեջանական և SOCAR-ի հիմնական բաժնեմասը պատկանում են հենց Ալիևների կլանին և այս առումով շահեկան է տեսնել արդեն կանխատեսելի և գնայաին կայուն գործընկերոջ: Պատկերը գրեթե ամբողջությամբ կրկնում է ԱՄՆ-ի դիրքորոշումը, որի առավել վառ պարզաբանումներից մեկը հանդիսանում է այն, որ Աֆղանստանից զորքերի դուրսբերումը պետք է իրականացվի ադրբեջանական ավիաընկերության միջոցով, որը պատկանում է Ալիևների ընտանիքին:

Ամփոփելով, հարկ է նկատել, որ Ադրբեջանն իր նորանկախ 22 ամյա պատմության ընթացքում ունեցել է բավականին մեծ թվով համապետական ընտրություններ, որոնք կարող էին իշխանության բերել այն լեգիտիմ առաջնորդներին ու քաղաքական գործիչներին, ովքեր քաղաքական որոշումների ճիշտ մեխանիզմների ընտրությամբ երկիրը կտանեին ժողովրդավարական զարգացման ճանապարհով: Սակայն, չափազանց կարեւորելով անվտանգության ռազմական բաղադրիչն ու հասարակական գիտակցության մեջ ներարկելով թշնամու դեմ միասնական պայքարելու անհրաժեշտությունն` Ադրբեջանում ժողովրդավարացման և դրանց կարեւոր բաղկացուցիչ հանդիսացող առավել ժողովրդավարական ընտրական համակարգի ներդրման հիմնահարցերը, ինչպես նաև ազատ ու արդար, պարբերական ու մրցակցային ընտրությունների անցկացումը և այս հիմքով ներկայացուցչական ինստիտուտների ձևավորումն ու գործառնությունը մղվում են հետին պլան:

Գեւորգ Տեր-Հովհաննիսյան