27-ամյա  Գագիկ Մինասյանը, «Հրազդանի ԲԿ»-ի ծննդատան մոտ, հարբած վիճակում դանակահարել է ներկաներին, որոնցից մեկի կյանքին ծանր վնաս է պատճառել:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 27-ամյա  Գագիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվող «Հրազդանի ԲԿ» ՓԲԸ-ի ծննդատան եւ ինֆեկցիոն բաժանմունքների դիմաց մարդ է դանակահարել: Վերջինս իր եւ Վալեր Մաթեւոսյանի նորածին երեխաների վերաբերյալ առաջացած խոսակցության, ապա վերաճած վիճաբանության ժամանակ, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, իր մեքենայի շարժիչի ծածկոցի վրայից վերցրել է խոհանոցային դանակը եւ դրանով հարվածներ հասցրել ներկաներին: Արդյունքում Գարիկ Մաթեւոսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր վնաս: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112  հոդվածի 1-ին մասով`դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է գրավը: Հոկտեմբերի 7-ին որոշումը ուղարկվել է կողմերին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: