20-ամյա Նիկոլայ Բաբայանն առեւանգել է իր ընկերոջ նախկին ընկերուհուն: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 20-ամյա Նիկոլայ Բաբայանը, հանցավոր համաձայնության գալով իր ընկեր Բորիս Ուսուբյանի հետ, Արթուր Ազատյանցի «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով, Բ. Ուսուբյանի նախկին ընկերուհի Տաթեւիկ Բ.-ին առեւանգելու նպատակով,  Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայից հետապնդել են գործով անհայտ երթուղային տաքսի ավտոմեքենան, որում գտնվել է Տաթեւիկ Բ.-ն: Երբ վերջինս իր ընկերուհիներ Սաթենիկ Տ.-ի եւ Աննա Մ.-ի հետ իջել է երթուղային տաքսուց, Երեւանի Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող «Գայանե» հանրախանութի հարեւանությամբ գտնվող կանգառում, ժամը 14:00-ի սահմաններում, Նիկոլայ Բաբայանը մոտեցել է Տաթեւիկին, գրկել նրան եւ վերջինիս կամքին հակառակ, ուժ գործադրելով նստեցրել վերոնշյալ ավտոմեքենան ու առեւանգել:

Քրեական գործ է հարուցվել 131  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` մարդուն առեւանգելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 4-8 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 7-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: