ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ձեռնպահ է մնում ասել՝ հնարավոր է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հեռացնել պատվիրակության կազմից, թե ոչ: «Կապրենք, կտեսնենք»,- նշեց նա: Մեր հարցին, թե հնարավոր է Զարուհի Փոստանջյանին փոխարինի ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Քանի որ պետք է փոխվի կարգը, ըստ հայտարարության, սպասենք տեսնենք՝ ինչպես է փոխվելու կարգը»:

Մեր տեղեկություններով՝ եթե անգամ հիմա Զարուհի Փոստանջյանին պատվիրակությունից կազմից չհանեն, ապա դա կանեն տարեսկզբին՝ ռոտացիոն սկզբունքով, ինչը թույլ է տալիս թե ԱԺ-ի, թե ԵԽԽՎ-ի կանոնակարգը: Նախապես որոշված է եղել, որ Մհեր Շահգելդյանը կփոխարինի Լեւոն Զուրաբյանին, բայց այս դեպքերից հետո նա կփոխարինի հենց Զարուհի Փոստանջյանին:

Նշենք, որ Փոստանջյանին պատվիրակության կազմից հանելու որոշումը կայացրել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Հաշվի առնելով  ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը երեկ ԵԽԽՎ նիստի ընթացքում եւ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  է  ենթակետը`  հայտարարում եմ, որ խորհրդակցել եմ Ազգային ժողովի խմբակցությունների հետ եւ մտադիր եմ փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում»,- նշել էր ԱԺ նախագահը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am