Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Լիոնում Ֆրանսիայի հայկական հիմնադրամի 20-ամյակի առթիվ կազմակերպվելիք տոնական ընթրիքի պատվավոր հյուրը կլինի: Միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին: Այդ մասին գրում է հայ-ֆրանսիական «Nouvelles d՝Arménie» ամսագիրը:
Նախագահը, ում վերջին այցը Փարիզ կայացել էր 2013թ.-ի ապրիլին, հատուկ կմեկնի Ֆրանսիա, որպեսզի շնորհակալություն հայտնի դոնորներին ու կամավորներին իրենց աշխատանքի ու Ֆրանսիայի հայկական հիմնադրամին մասնակցելու համար: Հենց նրանց օգնությունն է թույլ տալիս իրականացնել Ղարաբաղի ժողովրդի համար կարեւոր տասնյակ նախագծեր, որոնք վերաբերում են ճանապարհներին, էլեկտրացանցերին, դպրոցներին, սպորտային կենտրոններին, առողջապահական կենտրոններին ու սոցիալական միջոցառումներին:
Ընթրիքին նաեւ ներկա կլինեն Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը, Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, ֆրանսիացի գործիչներ, պատգամավորներ, քաղաքապետներ ու տեղական պաշտոնյաներ, որոնք աշխատում են Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղության հաստատման համար:





























