Գրականության Նոբելյան մրցանակը ստանալու ամենամեծ շանսերն այս տարի ունի ճապոնացի Հարուկի Մուրակամին, կարծում է բրիտանական բուքմեյքերական Ladbrokes ընկերությունը: Դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 10-ին Սթոքհոլմում:

Երկրորդ տեղում է Բուքերյան մրցանակի դափնեկիր, նովելագիր Էլիս Մունրոն, որի արձակը Չեխովի գործերի հետ են համեմատում:

Երրորդ տեղում բելառուսցի գրող եւ լրագրող Սվետլանա Ալեքսիեւիչն է՝ սոցիալական սուր թեմաներով գրքի հեղինակ:

Չորրորդ տեղում է ամերիկացի գրող, դրամատուրգ, պոետ, քննադատ Քերոլ Օութսը: Նրա գրքերի թեմաները դասային անարդարությունն է, գյուղական թշվառությունը, սեռական բռնությունը, թմրանյութերը, հանցավորությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հնգյակը եզրափակում է նորվեգացի գրող եւ դրամատուրգ Պետեր Նադաշը, որի ստեղծագործությունները սեփական հիշողության կորստի եւ վերականգնման, կլինիկական մահվան թեմաներով են: Նադաշը 2011 եւ 2012թթ. արդեն առաջադրվել էր Նոբելյան մրցանակի:

Բուքմեյքերական ցուցակում են նաեւ Կորմակ Մաքքարտին, Միլան Կունդերան, Ումբերտո Էկոն, Ֆիլիպ Ռոթը, Թոմաս Պինչոնը, Ամոս Օզը, Բոբ Դիլանը, Թոմ Սթոփարդը: