«Ժամ առաջ պետք է ազատվել այս իշխանություններից եւ արագ կերպով գնալ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների»,- մարտի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդամ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը։
Նշելով, որ արտահերթ ընտրություները «ազգովի նախագահ ընտրելու» հնարավորություն կտան, Գ. Եղիազարյանը ընդգծեց, որ «ներկայիս իշխանություններից պետք է ազատվել ժամ առաջ, եւ ամեն ինչ սկսել նոր էջից, որովհետեւ ստեղծված իրավիճակը միայն նոր եւ լեգիտիմ իշխանությունը կկարողանա կանգնեցնել»։
Ամփոփելով՝ ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ ինքը մի երազանք ունի՝ իմանալ, թե այս երկրի քաղաքացին ձայն ունի՞, թե՞ ոչ, կամ կարո՞ղ է նույն այդ ՀՀ քաղաքացին իր ուզած մարդուն նախագահ ընտրել։
Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսը իր վերջին հանրահավաքին պահանջ էր ներկայացրել հունիս-սեպտեմբեր ամիսներին արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնել Հայաստանում։



























