Պատճառահետեւանքային որեւէ կապ չկա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հասցեին հնչած քննադատության եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրերս կառավարության տնտեսական գործունեությունը քննադատելու միջեւ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով երկրորդ նախագահի հայտարարությունը: «Ես որեւէ պատճառահետեւանքային կապ չեմ տեսնում էկոնոմիկայի նախարարի գործունեությանը ԲՀԿ-ի տված գնահատականի, Վարդան Օսկանյանի կողմից արտաքին քաղաքականության քննադատության եւ երկրորդ նախագահի գնահատականների միջեւ»,- նշեց պատգամավորը՝ հավեւելով, որ իրականության չեն համապատասխանում մամուլում հրապարակվող այն վերլուծությունները, որ այդ ամենը մեկ շղթայի տարբեր օղակներն են:
«Ես Ռոբերտ Քոչարյանի գնահատականների մեջ արտառոց ոչինչ չեմ տեսնում: Դա ընդունված պրակտիկա է: Թե՛ երկրորդ, թե՛ առաջին նախագահները, ունենալով մտահոգություններ, կարող են ձեւակերպել դրանք: Իր այդ իրավունքից բազմիցս օգտվել է առաջին նախագահը, իր իրավունքից օգտվել է նաեւ երկրորդ նախագահը»,- նշեց Զոհրաբյանը եւ հավելեց. «Բայց կապել դա ԲՀԿ-ի քննադատության հետ եւ փորձել ինչ-որ եզրահանգումներ անել, չեմ կարծում, որ տեղին է»:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը, խախտելով տեւական լռությունը, առաջին անգամ քննադատություն է հնչեցրել կառավարության հասցեին: Որոշ վերլուծաբանների կարծիքով, Քոչարյանը այս կերպ հայտ է ներկայացնում մեծ քաղաքականություն վերադառնալու համար:



























