Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններն իրենցից մեծ քաղաքականություն վերադառնալու լուրջ հայտ են ներկայացնում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՍԴՀԿ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը։

Նրա խոսքով, ՀՀ նախկին նախագահի Փարիզ կատարած այցը, վարչապետ դառնալու միտումները պարզ են դարձնում, որ նա, իսկապես քաղաքականություն վերադառնալու տրամադրություններ ունի։ «Սակայն ոչ ոք չպետք է մոռանա, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք Երեւանում արյուն թափվեց, ոչ ոք չպետք է մոռանա, որ նրա օրոք զինված հայը կրակեց անզեն հայի վրա»,- շեշտեց Գ. Եղիազարյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ մարտի 1-ի իրադարձություններից երկու տարի անց ոչինչ չի փոխվել. «Մի՞թե մեր պետությունն այնքան տհաս է, որ մինչեւ օրս չի կարողանում գտնել մարտի 1-ի մարդասպաններին. ուրեմն ես կարո՞ղ եմ հետեւություն անել,որ հենց իշխանություններ են իրական մարդասպանները»,- հռետորական հարցադրում արեց ՀԱԿ ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ մարտի 1-ը լրջագույն խոչընդոտ է Ռ. Քոչարյանի վերադարձի համար։ «Ձեզ ծանոթ է նաեւ Ռոբերտ Քոչարյանի կողմից Հայաստանի Հանրապետությունից թալանված 4 միլիարդի պատմությունը, եւ եթե մի մարդ որոշել է այս ամենից հետո իշխանության գալ,ապա նա չարաչար սխալվում է»,- ընդգծեց Գ. Եղիազարյանը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ «ավազակապետության կազմաքանդման գործընթացը լրջագույնս շարունակվում է»։

Նշենք, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ տնտեսական քաղաքականության վերաբերյալ օրերս արած հայտարությունները տարբեր շրջանակներում դիտարկվում են որպես նրա՝ մեծ քաղաքականություն վերադարձի հավանականություն։