Հյուսիս-Կովկասյան շրջանային ռազմական դատարանը մեղադրական վճիռ է կայացրել երկու ռուս սպաների եւ վրացի հատուկ ծառայությունների աշխատակցի նկատմամբ՝ Վրաստանի օգտին լրտեսությամբ զբաղվելու համար։ Հաղորդում է «Интерфакс»-ը։

Ռուսական բանակի փոխգնդապետ Խվիչի Իմերլիշվիլին եւ Մառլեն Բոգդանովը մեղավոր են ճանաչվել պետական դավաճանության մեջ եւ դատապարտվել են համապատասխանաբար 13 եւ 15 տարվա ազատազրկման։

Վրաստանի քաղաքացի Զազա Խերկելաձեն, ով կեղծ անձնագրով բնակվել է Ռուսաստանում, ստացել է 11 տարվա ազատազրկում՝ լրտեսությամբ զբաղվելու համար։

Հետաքննության տվյալներով, Իմերլիշվիլին հավաքագրվել է վրացական հատուկ ծառայությունների կողմից՝ 2007 թվականի հունվարին հարազատներին այցելության ժամանակ։ Նա ռազմական բնույթի տեղեկություններ է հաղորդել Վրաստան եւ թեկնածուներ է ընտրել հետագա հավաքագրման համար։

Ավելի ուշ նա օգնել է Խերկելաձեին ձեւակերպել կեղծ փաստաթղթեր եւ Ռուսաստանում օրինականացնել դրանք։ Վրացի լրտեսը իրեն ներկայացրել է իբրեւ Վլադիկավկազի սրճարաններից մեկի տնօրեն եւ տեղեկություններ է հավաքել Հյուսիսայի Կովկասի զորամասերի եւ տարածաշրջանում իրավիճակի մասին։