Թեեւ վերջին օրերին դրամը կտրուկ արժեզրկումցի հետո կրկին արժեւորման նշաններ է ցույց տալիս, բայց տարվա ընթացքում արժեզրկման դինամիկան կպահպանվի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ-ի անդամ Հրանտ Բագրատյանը: Նա նշել է, որ դրամի արժեզրկման համար հիմք է ծառայում այն, որ օլիգարխները Հայաստանից մեծ չափերի փող են դուրս բերում, մյուս կողմից Հայաստանի առեւտրային հաշվեկշիռը բացասական է եւ այն գնալով խորանում է:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է վերջին օրերին դրամը նորից սկսել արժեւորվել, Հ. Բագրատյանը պատասխանել է, որ դա մի քանի պատճառ ունի: Նախ, ըստ նրա, իշխանությունն «արգելել է լուրջ փողերի փոխանցումները արտասահման, թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձանց կողմից» եւ երկրորդ. ԿԲ-ն նվազեցրել է առեւտրային բանկերի համար սահմանված նորմատիվներից մեկը, որը կոչվում է «վալյուտային պոզիցիա»:

«Ցուցանիշները, նորմատիվներն իջեցրել են, որպեսզի կոմերցիոն բանկերը արտարժույթը վաճառեն: Կոմերցիոն բանկը եթե մարդկանցից դեպոզիտ է վերցնում դոլարով, ուրեմն դոլարով պետք է ռեզերվացիա անի: Այդ ռեզերվացիաները, ասենք 12, 8, կամ ինչ որ տոկոս իջեցնում են, որը բանկն արդեն ստիպված է վաճառել, որովհետեւ խախտում կա նորմատիվի, որը կատարելու դեպքում բանկը տուգանք է մուծում: Հիմա այսպիսի քայլեր են անում, որ պահեն կուրսը: Նման քայլերը ես համարում եմ վտանգավոր»,- ընդգծել է նա, հավելելով, որ դա մեծ հարված կհասցնի ամբողջ բանկային համակարգին: Ըստ Բագրատյանի, դրամի արժեզրկումից խուսափելու միակ ելքը նոր վարկերի ներգրավումն է, բայց ի վերջո, միեւնույնն է, դրամն արժեզրկվելու է: