Բելառուսը «չի ձգի» Մաքսային միության անդամության, եթե այդ կառույցից տնտեսական արդյունք չտեսնի: Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա հայտարարել է Մաքսային միության անդամությամբ պայմանավորված նավթային մաքսատուրքերի կիրառման հետ կապված հնարավոր դժվարությունների մասին: Լուկաշենկոն նշել է, որ ՌԴ նախագահ Պուտինը խոստացել է 2014-ի հունվարի 1-ից վերացնել առեւտրի ոլորտում բոլոր սահմանափակումները:
Բելառուսի նախագահի խոսքով՝ Մինսկը Ռուսաստանի բյուջեն տարեկան ավելացնում է 4 մլրդ դոլարով: «Իսկ եթե այդ գումարները մնային մեր երկրում, ես այստեղ Էմիրություններ կկառուցեի»,-վստահեցրել է նա՝ հավելելով, որ առեւտրային սահամանփակումները պետք է հանեն Մաքսային միության բոլոր մասնակիցները:
Լուկաշենկոն նաեւ առաջարկել է ՌԴ Կալինինգրադի մարզը հանձնել Բելառուսին: «Մենք հողի յուրաքանչյուր հեկտար, յուրաքանչյուր մետր այնտեղ կմշակենք եւ այն ծաղկող մարզ կդարձնենք»,-ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ «չի հավակնում հենց վաղը վերցնել Կալինինգրադը, բայց եթե դա հնարավոր լիներ, ապա մեծ բավականությամբ կվերցներ»:
Բելառուսը Ռուսաստանից առանց մաքսատուրքի նավթ է ստանում, բայց պարտավոր է մաքսատուրք վճարել այն դեպքում, եթե ռուսական հումքը վաճառի երրորդ երկրի:





























