Մոտ 60 ուսանողներ, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, հավաքվել են Մոդել ԵԱՀԿ երկօրյա համաժողովի շրջանակներում, որը ԵԱՀԿ հիմնական որոշում կայացնող մարմիններից մեկի՝ Մշտական խորհրդի կրկնօրինակման խաղ է:

Միջոցառումը, որը կազմակերպել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը՝ Նորվեգիայի կառավարության աջակցությամբ, նպատակ ունի կրթելու ուսանողներին ԵԱՀԿ մասին եւ ընձեռել հնարավորություն՝ կիրառելու իրենց բանակցային եւ հանրային խոսքի հմտությունները:

«Ես բարձր եմ գնահատում մեր մասնակիցների կողմից ցուցաբերված ոգեւորությունը ԵԱՀԿ պարտավորությունների եւ կազմակերպության կողմից աշխարում իրականացվող գործունեության հանդեպ», - ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյն, ու հավելել. «ուրախալի է տեսնել, որ ուսանողները մեծ հետաքրքրություն ունեն մեր միջոցառման նկատմամբ, որը լավ հիմքեր է ստեղծում հաջորդ Մոդել ԵԱՀԿ-ի նախապատրաստման համար»:

18-25 տարեկան մասնակիցները քննարկում են ներկա քաղաքական իրադրությունը հորինված երկրներ Նորսլավիայի եւ Մալիայի միջեւ եւ առաջարկում են լուծումներ՝ հաղթահարելու տնտեսական ճգնաժամի, աճող միգրացիայի, հանրային  խռովությունների եւ  անկայունության հետ կապված մարտահրավերները: Նախքան համաժողովը՝ մասնակիցները ձեռք են բերել գիտելիքներ ԵԱՀԿ-ի, միջազգային հարաբերությունների, հանրային խոսքի եւ բանակցային հմտությունների վերաբերյալ՝ ԵԱՀԿ գրասենյակի կողմից կազմակերպված թեմատիկ դասընթացների ժամանակ:

Երեւանի պետական համալսարանի ուսանող Ալեն Շադունցը, ով նախագահում է քննարկումներն, ասել է. «Մոդել ԵԱՀԿ համաժողովը կարեւոր դեր է ունեցել իմ տեսական գիտելիքները ստուգելու  եւ բարելավելու համար: Միջազգային հարաբերություններ սովորող ուսանողների համար այս համաժողովը հիանալի հնարավորություն է՝ պրակտիկ փորձ ձեռք բերելու համար: Ահա թե ինչու ես որոշեցի նորից դիմել մասնակցության համար»:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն իրականացնում է Մոդել ԵԱՀԿ համաժողովներ 2008թ.-ից: Համաժողովը ԵԱՀԿ Մշտական խորհրդի կրկնօրինակում է, որտեղ մասնակիցները հանդես են գալիս որպես ԵԱՀԿ մասնակից պետությունների  «դեսպաններ»: