Հայաստանի կառավարությունը մարտի 25-ին տեղի ունեցած արտագնա նիստում որոշել է բազային եւ հիմնական կենսաթոշակի ու ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը բարձրացնել 2500 դրամով:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWs.am-ին հայտնում են, որ համապատասխան որոշումները, որոնք ուժի մեջ են մտնում համապատասխանաբար 2010թ. նոյեմբերի 1-ից եւ մայիսի 1-ից, ընդունվել են գազի սակագների բարձրացմամբ պայմանավորված սոցիալապես առավել խոցելի խմբերի դրամական օժանդակություն ցուցաբերելու նպատակով։

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ խնդրի լուծման որոշումը կայացրել է ՀՀ նախագահը, որը դեռ ամիսներ առաջ խորհրդակցություն է գումարել այդ առթիվ։ Ստեղծվել է աշխատանքային խումբ,որը առաջարկություններ է մշակել գազի թանկացման բացասական հետեւանքները մեղմելու նպատակով։ «Հարցը միայն սակագինը չէ, մենք գործ ունենք նաեւ գնաճի երեւույթի հետ, որը պետք է զսպվի Կենտրոնական բանկի եւ մյուս պատկան մարմինների ջանքերով, որպեսզի առաջիկա տարիներին վերադառնանք ավելի զուսպ գնաճի», — նշել է վարչապետը։