Հայաստանի կառավարությունը որոշել է փոխհատուցել Մեծ Հայրենականի վետերանների՝ խնայբանկում ունեցած ավանդները:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2010թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է 1941-1945թթ. հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի առթիվ պատերազմի վետերաններին նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելել է, որ որոշումը վերաբերում է 3 հազար 900 վետերանի, եւ որ այս խնդրում կառավարությունն ակնկալում է ամբողջ հասարակության հավանությունը։ Ի դեպ, օրինագիծը կառավարությունը համարել է անհետաձգելի։



























