ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, պատմության եւ արեւելագիտության ինստիտուտը, սփյուռքի նախարարության եւ Հայկական հուշարձաններն ուսումնասիրող կազմակերպության հետ համատեղ ապրիլի 19-20-ը Երեւանում կազմակերպում է միջազգային գիտաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության, մասնավորապես՝ մշակութային ցեղասպանության հիմնախնդիրներին:

Գիտաժողովին մասնակցելու են մասնագետներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Գերմանիայից եւ Հոլանդիայից: Գիտաժողովի նպատակն է հստակ գնահատականներ տալ Օսմանյան կայսրությունում իրականացված եւ ժամանակակից Թուրքիայում շարունակվող` հայկական մշակութային ժառանգության համատարած ոչնչացման քաղաքականությանը, ինչպես նաեւ անդրադառնալ դրա գաղափարական, քաղաքական ու մշակութաբանական հիմնավորումներին եւ հետեւանքներին:

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվելու է «Հայոց ցեղասպանությունը մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցադրություն: 2010 թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը սահմանելու է Ռաֆայել Լեմկինի անվանական կրթաթոշակ, որը հնարավորություն է ընձեռելու արտասահմանյան ուսանողներին եւ ասպիրանտներին մեկ ամիս անցկացնել Հայաստանի գիտական հաստատություններում ու գրադարաններում՝ Հայոց ցեղասպանության ուսումնասիրման գծով մասնագիտանալու համար: