GMP (Good Manufacturing Practice, Արտադրության պատշաճ պայմաններ) սերտիֆիկատ ստանալու հայտ են ներկայարել դեղագործական 3 ընկերություններ՝ «Լիքվոր», «Արքիմեդ» եւ «Ֆարմաթեք»: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:
Նրա խոսքով՝ մնացած դեղագործական ընկերությունները (փաստացի դեղ արտադրում են թվով 7 ընկերություններ) կառավարությանը ներկայացրել են ժամանակացույց, ըստ որի՝ մինչեւ 2015 թ. նույնպես կանցնեն GMP ստանդարտներին: Իսկ ՀՀ ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը որպես վերջնաժամկետ նշել է 2016 թ., ինչը եւս հաստատվել է:
Ըստ Ս. Զաքարյանի՝ Հայաստանն ընտրել է GMP ստանդարտների եվրոպական մոդելը, ու այն թարգմանել է հայերեն, սակայն որոշ դիրեկտիվներ չեն թարգմանվում, քանի որ դրանք դինամիկ փոփոխվում են:
Ս. Զաքարյանի տեղեկացմամբ՝ Ուկրաինան եւ Բելառուսն արդեն արգելել են առանց GMP ստանդարտների դեղերի ներկրումը:





























