«Դա շատ նորմալ է, երբ որ նախկին նախագահներն իրենց կարծիքն են արտահայտում այս կամ այն հարցի շուրջ: Երկրորդ նախագահ պարոն Քոչարյանը կվերադառնա քաղաքականություն, չի վերադառնա, դա բացառապես իր որոշելիքն է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ ամբողջ աշխարհում նախկին նախագահները, օրինակ Ջիմի Քարտերը, ավագ եւ կրտսեր Բուշերը, Բիլ Քլինթոնը, Միխայիլ Գորբաչովը շատ ակտիվ են եւ տեսակետներ են հայտնում այս կամ այն հարցի վերաբերյալ:

Հարցին, թե ՀՀԿ-ն ցանկանո՞ւմ է, որ Քոչարյանը վերադառնա քաղաքականություն, նա պատասխանել է. «Ցանկությունները քաղաքական կատեգորիա չեն»: Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանի կողմից վարվող տնտեսական քաղաքականության քննադատությանը, ՀՀԿ մամուլի խոսնակն ասել է. «Կառավարության իրականացրած քաղաքականությունը մեզ համար ընդունելի է, մենք կարծում ենք, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը կարող է լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են նրա առաջ: Այսինքն կառավարությունը կարող է մեղմել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները»: Նրա խոսքով ՀՀԿ-ն բոլորովին էլ չի խուսափում գնահատական տալ երկրորդ նախագահի քննադատություններին: «Այդ մարդն ունի իր իրավունքը, ինքն իր կարծիքն է ասել, մենք էլ ասում ենք, որ մենք սատարում ենք Տիգրան Սարգսյանի կառավարությանը, Տիգրան Սարգսյանի կառավարությունն ունի վստահություն ՀՀԿ կողմից: Առողջ քննադատությունը, անկախ նրանից, դե դա ով կանի, առաջին նախագահը, երկրորդ նախագահը, թե փորձագետը կամ քաղաքական գործիչը, բնականաբար, ոչ մեկին չի խանգարում»,- հավելել է Շարմազանովը: