Հայաստանում եվրոպական ինտեգրացիայի վերաբերյալ տեղեկատվական կենտրոններ են բացվելու։ Այս մասին մարտի 26-ին ՀՀ ազգային անվտանգության խորհրդում ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպմանը տեղեկացրեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ Երեւանում տեղեկատվական կենտրոն կբացվի այս տարի, իսկ հաջորդ տարի ծրագրի համապատասխան կենտրոններ կսկսեն գործել մարզերում։ «Հայաստանը շատ լուրջ քայլ է կատարում, որովհետեւ տարածաշրջանում առաջին երկիրն է, որ ստեղծում է այսպիսի կենտրոններ»,- ասաց Բաղդասարյանը՝ նշելով, որ կենտրոններ կարող են հիմնել Երեւանի պետական համալսարանը, Հայաստանի ֆրանսիական համալսարանը եւ այլ կրթական հաստատություններ։ «Կենտրոններում հանրությանը ներկայացվելու են ԵՄ Արեւելյան գործընկերության մասին ծրագրերը, քաղաքացիներին եւ գործարարներին խորհրդատվություն կտրվի եվրոպական ծրագրերի եւ օրենքների վերաբերյալ»,- նշեց ԱԱԽ քարտուղարը։ Ըստ նրա՝ կենտրոնների ստեղծումը կարեւոր նշանակություն կունենա ԵՄ-ի մասին Հայաստանի բնակչությանը իրազեկելու գործում, եւ մասնավորապես դրական ազդեցություն կունենա գործարար հատվածի համար։ «Սա նաեւ այն պարտավորություններից է, որ Հայաստանը պետք է իրականացնի՝ համաձայն Հայաստան-ԵՄ 2009-2011 թթ. ծրագրի»,- ասաց Բաղդասարյանը։
Տեղեկացնենք, որ հանդիպմանը մասնակցում էին, ԵՄ անդամ երկրների դեսպանները եւ ԵՄ դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը։



























