Համաձայն յետիի (ձնեմարդ) ԴՆԹ-ի ուսումնասիրման արդյունքների, որն անցկացրել է Օքսֆորդի համալսարանը, այդ առասպելական էակը կարող է գորշ արջի ենթատեսակ լինել:

Պրոֆեսոր Բրայան Սայքսը երկու անհայտ կենդանիների մազերն է ուսումնասիրել. Նմուշներից մեկը գտնվել էր Հիմալայների արեւմտյան շրջանում, երկրորդը՝ Բութանում: Սայքսը հայտնաբերել է, որ նմուշները 100 տոկոսով նույնական են ավելի քան 40000 տարի առաջ գոյություն ունեցած բեւեռային արջի ԴՆԹ-ին, որը ազգակցական սերտ կապեր ուներ գորշ արջի հետ, գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով  The Independent-ը:

Ըստ պրոֆեսորի՝  յետիի ծագման առավել հավանական վարկածը սպիտակ եւ գորշ արջերի խաչասերումից ծնված լինելն է:

Հրատարակչությունը հիշեցնում է, որ յետիի հետ մարդկանց շփումների դեպքեր արձանագրվել են դարեր շարունակ՝ Հիմալայների բնակչության եւ լեռնագնացների շրջանում: Ըստ գիտնականների՝ այն հսկա եւ մազոտ, կապկանման արարած է: