Հայաստանում Ա.Պ. Չեխովի 150-ամյակին նվիրված միջազգային գրականագիտական խորհրդաժողով է անցկացվում։ Միջոցառմանը մասնակցում են գրականագետներ Հայաստանից, Վրաստանից եւ Ռուսաստանից, ինչպես նաեւ ներկայացուցիչներ բուհերից։ Խորհրդաժողովի մասնակիցները քննարկում են երկրների միջեւ գրականության կապերի վերաբերյալ հարցեր, ինչպես նաեւ հետխորհրդային երկրների ազգային բուհերում Չեխովի ստեղծագործությունների դասավանդման փորձի փոխանակման հարցեր:
Տեղեկացնենք, որ «Ա.Պ. Չեխով. ռուսական և ազգային գրականություն» միջազգային խորհրդաժողովը կազմակերպել է արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հասարակական կազմակերպությունը (АОКС), «Հայ-ռուսական բարեկամություն» ընկերությունը եւ Երեւանի հումանիտար ինստիտուտը:
Ինստիտուտի ռեկտոր Միքայել Ամիրխանյանը, կարեւորելով միջոցառման անցկացումը, ընդգծեց, որ այն այսօր հատկապես արդիական է, քանի որ երիտասարդությունը գրականության նկատմամբ մեծ հետաքրքրություն չի դրսեւորում։ Նա նշեց նաեւ հովանավորների մասին՝ ավելացնելով, որ հանճարեղ գրողի 150-ամյակին նվիրված միջոցառման անցկացումը հնարավոր է դարձել «ԱրմենՏել» ընկերության աջակցության շնորհիվ։ «Մշակույթին ու կրթությանն աջակցությունը ավանդաբար կենտրոնական տեղ է զբաղեցրել մեր ընկերության սոցիալական ռազմավարության մեջ։ Հուսով ենք, որ այս խորհրդաժողովը կօգնի բարձացնել երիտասարդության հետաքրքրությունը դասական գրականության հանդեպ՝ եւս մեկ անգամ հնարավորություն ընձեռնելով հաղորդակցվել հանճարեղ ռուս գրողի արվեստին»,- նշեց «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Տեղեկացնենք, որ խորհրդաժողովում ելույթ ունեցողների նյութերի հիման վրա գիրք կհրատարակվի:



























