Ֆրանսիայի մշակույթի ու կապերի նախարար Օռելի Ֆիլիպետին, ներկայացնելով  Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին, հոկտեմբերի 20-ին ֆրանսիական Դեսին քաղաքում հանդիսավոր կերպով կբացի Հայկական հիշատակի ազգային կենտրոն: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ը:

Հավակնոտ ճարտարապետությամբ այս նոր մասնաշենքի շինարարությունը, որը եզակի է հայկական սփյուռքում, ավարտվել էր անցյալ տարի դեկտեմբերին: Գրեթե մեկ դար շարունակ, սփյուռքահայությունը  պայքարում է, որպեսզի  1915թ.-ի Հայոց ցեղասպանության հետեւանքով խավարած իրենց մշակույթը, պատմությունը չանհետանան, այլ հարստանան, փոխանցվեն ապագա սերունդներին, ինչպես նաեւ այն երկրների քաղաքացիների, որտեղ իրենք ապրում են: Հենց այդ պատճառով էլ ծնվեց նման կառույցի անհրաժեշտության գաղափարը:  Կենտրոնը կսկսի աշխատել հոկտեմբերի 20-ից ու բաց կլինի հասարակության առջեւ: