Ամերիկյան Hustler ամսագրի հրատարակող եւ պոռնոարդյունաբերության հայտնի գործիչ Լարի Ֆլինտը դեմ է իրեն սպանելու փորձ կատարած մոլագարին՝ Ջոզեֆ Փոլ Ֆրանկլինին մահապատժի ենթարկելուն։ Նա համապատասխան հայտարարություն է հրապարակել Hollywood Reporter-ի իր սյունակում։ Ֆրանկլինի մահապատիժը նշանակված է նոյեմբերի 20-ին։ Մահափորձը կատարվել էր 35 տարի առաջ։
Ըստ Ֆլինտի՝ ինքը երկար է մտորել եւ որոշել է, որ Ֆրանկլինի մահը չի ցանկանում. «Եթե կառավորությունը արգելում է մարդկանց միմյանց սպանել, ինքն էլ պետք է չսպանի», - նրա խոսքերն է մեջբերում gazeta.ru-ն։
1978թ. մարտին Ֆրանկլինը Լարի Ֆլինտի վրա կրակել էր դատարանի շենքի մոտակայքում։ Ֆլինտն այդ օրվանից հաշմանդամ էր դարձել։
Ֆրանկլինին բռնել էին 1980թ. եւ 20 սպանության ու վեց մահափորձի մեղադրանք ներկայացրել։ 1997թ. նրան մահապատժի էին դատապարտել։
Լարի Ֆլինտը պոռնկագրական «Hustler» ամսագիրը հիմնադրել էր 1974թ.՝ դառնալով ԱՄՆ-ի ամենահաջողակ եւ ազդեցիկ պոռնոմագնատներից։





























