«Որ իշխանությունները մի օր պետք է տարածքներ հանձնեին Ադրբեջանին, մենք զգուշացնում էինք տարիներ առաջ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի անդամ Արամ Մանուկյանը՝ մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ օրերս սիրիական Al Watan թերթին տված հարցազրույցը։

Նշելով, որ այդ եզրակացությանն ընդդիմությունը վաղուց էր հանգել՝ նա ընդգծեց, որ իրենց համար դա նորություն չէր, եւ այդ առումով իրենք խնդիր չունեն։ «Մեզ համար անակնկալ չէր, որ դա հենց այդպես էլ պետք է լինի։ Գործընթացն սկսվել էր 98-ից, երբ արկած փնտրող իշխանությունը 8000 ք/կմ անկախ Ղարաբաղի պոռոտաբանությամբ խաբեց ժողովրդին»,- ընդգծեց ընդդիմադիր գործիչը՝ ավելացնելով, որ խնդիրը բոլորինն է, ովքեր նպաստեցին այդ արկածն իրականություն դարձնելուն։ Ի պատասխան այն հարցին, թե ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ ՀՀ նախագահի այդ հայտարարությունը՝ Արամ Մանուկյանը նկատեց. «Հետեւանքների մասին թող իրենք էլ մտածեն»,- ամփոփեց նա։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը սիրիական Al Watan-ին տված հարցազրույցում, մասնավորապես, ասել էր. «Հակառակ Ադրբեջանի պնդումներին` Ղարաբաղի շուրջ ձևավորված անվտանգության գոտին մեր կողմից ոչ բնակեցվում, և ոչ էլ շահագործվում է: Երբ Ղարաբաղի ժողովուրդն ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»: