Ցմահ դատապարտված ղազախստանցի սահմանապահ Վլադիսլավ Չելախը, որը դատապարտվել է 15 մարդու սպանության համար, երկրի նախագահին ներման մասին խնդրագիր է գրել, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է նրա դատապաշտպան Սերիկ Սարսենովը:

Ավելի վաղ Սարսենովը նշել էր, որ դիմելու են նաեւ այդ քայլին, քանի որ նախքան ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեին դիմելը, պետք է փորձել օրենքով նախատեսված ամեն քայլ՝ երկրի ներսում իրավիճակը շտկելու: Նա նաեւ նշել էր, որ Չելախի՝ ներման մասին խնդրագիրը չի ներառելու մեղքի խոստովանություն, այլ նշելու է, որ իր կարծիքով՝ Ղազախստանի բոլոր դատարաններն իրեն ապօրինաբար են մեղավոր ճանաչել:

Հիշեցնենք, որ Չելախը մեղադրվում է իր 14 զինակիցների սպանության մեջ: Նախորդ տարվա դեկտեմբերին դատարանը նրան ցմահ ազատազրկման էր դատապարտել: