Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ մարտի 26-ին մասնակցել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Սուրբ Սարգսի տոնին նվիրված մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությանը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ մրցանակաբաշխությունը հանդիսապետում էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ներկա են եղել Աշխարհի հայ նկարիչների միության վարչության անդամներ: Տիգրան Սարգսյանը պատվոգրեր է հանձնել ցուցահանդես-մրցույթում հաղթող ճանաչված երիտասարդ ստեղծագործողներին` գրաֆիկայի, գեղանկարչության, քանդակի եւ դեկորատիվ արվեստի ճյուղերում ներկայացված աշխատանքների համար:

Այնուհետեւ, Աշխարհի հայ նկարիչների միության վարչությունը վարչապետին պարգեւատրել է «Մոմիկ» շքանշանով եւ շնորհել պատվավոր անդամի կոչում:

Վարչապետը բարձր է գնահատել Սուրբ Սարգսի տոնակատարությունների ավանդույթի վերականգնումը եւ մասնավորապես նշել. «Տեսնում ենք, որ մեր երիտասարդներն արդեն Սուրբ Սարգսի հիշատակության օրն ընկալում են որպես գեղեցիկ տոն, առանց որի այլեւս հնարավոր չէ պատկերացնել անկախ Հայաստանի Հանրապետության կյանքը: Մեզ շատ է ուրախացնում այն, որ խորհրդայնացման տարիներից հետո կարողանում ենք հայկական ավանդույթները եւ տոները նորից մեր կյանք ներառել: Սա շատ կարեւոր հանգամանք է, որովհետեւ փոխվում է մեր մտածողությունը եւ վերաբերմունքն ազգային արժեքների նկատմամբ»: